 

Արմինֆո. 120-ից ավելի ընկերություններ են մասնակցում այսօր Երևանում բացված ARMENIA EXPO 2016 միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին: Բացման պաշտոնական արարողությունից հետո, որի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի գործարար հանրության և երկրում հավատարմագրված դիվանագիտական և առևտրային առաքելությունների ներկայացուցիչներ, ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի, Իրանի, Բելառուսի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի ընկերությունների և ձեռնարկությունների արտադրանքին: Ամենամեծ ցուցահանդեսային տարածքը վարձակալել են Չեխական Հանրապետության զբոսաշրջային ֆիրմաները, որոնք շահագրգռված են հանգստի և բուժման նպատակով այդ երկիր այցելող հայ զբոսաշրջիկների հոսքի մեծացմամբ:
Ցուցահանդեսին ներկայացված են Ռուսաստանի և Գերմանիայի էլեկտրատեխնիկական և մեքենաշինական ձեռնարկությունների, Բելառուսի նշանավոր թեթև արդյունաբերության արտադրանքի նմուշներ: Իրանի ավտոմոբիլաշինության ձեռնարկությունները ներկայացրել են IRAN Khodro մեքենաների ժամանակակից մոդելներ: Հայաստանը ներկայացված է, հիմնականում, գյուղվերամշակման արտադրանքով, բացառությամբ ռոբոտի, որն ինքնուրույն մաքրում է ապակիները: Ըստ էության, հայրենական արտադրողներից կարելի էր սպասել ավելին, սակայն, ըստ երևույթին, խոշոր արտադրողների միջազգային ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ չի եղել: Արտադրանքի հետաքրքիր նմուշներ են ներկայացրել Իրանի և Եվրոպայի սանտեխնիկա արտադրողները: Օտարերկրյա բրենդերի մեծ մասը ներկաայցրել են հայ դիստրիբյուտորները, ինչի առնչությամբ ցուցահանդեսն ավելի շուտ կարելի է անվանել առևտրային, քան` արտադրական: