Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2016 15:42
Նաիրա Բադալյան

Գյուղատնտեսության փոխնախարարը հավաստիացնում է, որ այս տարի մթերումներին առնչվող խնդիրներ չեն լինի

Գյուղատնտեսության փոխնախարարը հավաստիացնում է, որ այս տարի մթերումներին առնչվող խնդիրներ չեն լինի

Արմինֆո. Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում իրացված խաղողի դիմաց պարտքերը մարվել են, հաղորդել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` հոկտեմբերի 6-ին կառավարության նիստից հետո:

Մասնավորապես, Մակարյանը հայտարարել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունն արդեն 130 մլն դրամ վճարել է: Նրա ասելով, ընկերության սեփականատերն այսօր առավոտյան հավաստիացրել է, որ մնացել են մի քանի ֆերմերների չվճարված գումարներ, որոնք կմարվեն մինչև շաբաթվա վերջը: Ինչ վերաբերում է այն բանին, թե պատքերի հարցն ինչպես է լուծվել, քանի որ ավելի վաղ ընկերությունում հայտարարել էին, թե չվճարումների պատճառը միջոցների բացակայությունն է, Գյուղատնտեսության ներկայացուցիչը հայտարարել է. «Նրանք սպիրտ ունեին, որը վաճառել են և մարել պարտքերը»:

Ինչպես հայտարարել է Մակարյանը, առաջիկայում խաղողի մթերման գործընթացին առնչվող բոլոր հարցերը կլուծվեն համակարգային մոտեցման շրջանակում, որը կներկայացվի  հասարակայնությանը: Աղավնաձորի խաղողագործների պարագայում, ինչպես նշել է փոխնախարարը, համաձայնություն է ձեռք բերվել մթերող ձեռնարկությունների հետ: Գյուղացիներին մնում է միայն բանակցություններ վարել գնի շուրջ, նշել է նա: «Դա նշանակում է, որ այս տարի մթերումներին առնչվող խնդիրներ չեն լինի», - հավաստիացրել է Մակարյանը:

Նրա ասելով, տվյալ փուլում հանրապետության տարածքում արդեն գնվել է 90 հազար տոննա խաղող: Գործընթացը կշարունակվի և, ըստ փոխնախարարի, խոչընդոտներ չեն լինի, քանի որ այլ ձեռնարկությունների հետ պայմանավորվածության համաձայն, կգնվեն նաև ավելցուկները` ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների շրջանակից դուրս: «Կձգտենք ամենասեղմ ժամկետներում ապահովել հանձնված բերքի դիմաց վճարումները», - հայտարարել է նա:

Անդրադառնալով այն դիտողությանը, թե ինչն է այսօր փոխվել, որը թույլ է տվել լուծել վճարումներին առնչվող խնդիրները, և որը պակասում էր նախկինում` նախորդ կառավարությունում, փոխնախարարը հայտարարել է, որ փոխվել է ֆինանսական իրավիճակը վերամշակող ձեռնարկություններում: «Նրանց առաջարկվել են լուծումներ և մեխանիզմներ, որոնք շահավետ էին նրանց համար», - հայտարարել է Մակարյանը` խոստանալով շուտով բացահայտել առաջարկված մեխանիզմների մանրամասները: Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ այդ մեխանիզմը կարող է նախատեսել սուբսիդավորման արտոնյալ համակարգ, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի գծով ցածր տոկոսադրույք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Աղավնաձորի բնակիչները փակել էին դպրոցի, մանկապարտեզի և գյուղապետարանի մուտքերը` իրենց բողոքը հայտնելով խաղողի  վաճառքի դիմաց գումարների չվճարման դեմ: Գյուղի շուրջ 2000 բնակիչներն զբաղվում են, հիմնականում, «Արենի» տեսակի խաղողի արտադրությամբ: Սեպտեմբերի 29-ի դրությամբ, ինչպես հայտարարել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, մթերող ձեռնարկությունները ֆերմերներին պարտք էին շուրջ 809 մլն դրամ: