Շաբաթ, 15 Հոկտեմբերի 2016 15:39
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ նախագահը Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին պատմեց Հայստանի տնտեսական առաջնահերթությունների մասին

ՀՀ նախագահը Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին պատմեց Հայստանի տնտեսական առաջնահերթությունների մասին

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ողջունելով նրանց Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը կարևորել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության այս օգտակար նախաձեռնության մեկնարկը տրվում է ներկայացուցչական մակարդակով, քանի որ, նրա համոզմամբ, մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր էական ներդրումը բերելու համաժողովի կայացմանն ու շարունակականության ապահովմանը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կարող է դառնալ կարևոր հարթակ մասնակից երկրների պետական, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչների համար՝ հնարավորություն ընձեռնելով մշակելու գործնական մեխանիզմներ՝ ուղղված այդ երկրների փոխգործակցության ներուժի բացահայտմանը, ինչպես նաև դիտարկելու առավել ընդլայնված բազմակողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են ընդունել գործընկերներին, և մեր երկիրը բաց է համագործակցության ծրագրերի քննարկման համար: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Եվրասիական գործընկերության առաջին միջազգային ֆորումի նպատակը երկկողմ և բազմակողմ առևտրի և տնտեսական գործընկերության ինտեգրման գործընթացների զարգացումն է Եվրասիական տարածությունում, ԵԱՏՄ, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, ՇՀԿ, BRICS և այլ շահագրգիռ պետությունների և ինտեգրացիոն կառույցների մասնակցությամբ: