Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016 19:35
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից, հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնարավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կշարունակվեն զարգանալ և ընդլայնվել:

«Մեզ համար շատ կարևոր է Ֆրանսիայի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում, ֆրանսիական ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացումը և փորձի կիրառումը մեր երկրի ագրարային բնագավառում: Ֆրանսիան մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, իրականացվում են համատեղ ծրագրեր, կազմակերպվում խորհրդատվություններ: Հուսով ենք, որ այս ոլորտում ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները ոչ միայն կշարունակեն աստիճանաբար զարգանալ, այլև կունենան իրենց գործնական դրսևորումը տարբեր ճյուղերում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Ընդգծելով, որ հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերը բարեհաջող են ընթանում` նախարարը միաժամանակ հնարավոր է համարել ընդլայնել համագործակցության շրջանակները և առաջիկայում համատեղ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, ինտենսիվ այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, կոոպերացիայի զարգացման և այլ ուղղություններով: Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ այսօր անհրաժեշտ է զարգացնել ագրարային բնագավառի հատկապես այն ուղղությունները, որոնք թույլ կտան ավելացնել գյուղացիների և փոքր ու միջին ֆերմերների եկամուտները:  

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին վերահաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկու երկրների միջև ձևավորված ակտիվ փոխգործակցությունը:

Դեսպանն առանձնակի կարևորել է նաև Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը և ընդգծել դրանք շարունակելու մտադրությունը:

Տեղեկացնելով, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է անցկացնել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի հերթական նիստը, որի քննարկման թեմաների մեջ ներառված են նաև գյուղատնտեսությանն առնչվող հարցեր, դեսպանը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին մասնակցել այդ միջոցառմանը:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է $ 31.6 մլն, տարեկան անկումը`32,3%: Մասնավորապես, արտահանումը կազմել է $ 2,3 մլն, տարեկան անկումը`33,9%, իսկ ներմուծումը կրճատվել է 32,2%, մինչեւ $ 29,3 մլն: