Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2016 16:51
Նաիրա Բադալյան

ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավաչափ չի համարում սպասվող դեֆոլտի մասին խոսակցությունները

ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավաչափ չի համարում սպասվող դեֆոլտի մասին խոսակցությունները

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավաչափ չի համարում սպասվող դեֆոլտի մասին խոսակցությունները: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ՝ դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ:

ՙՄտահոգությունն այն է, որ գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր ունենք, որոնք տեղի են ունեցել 2014 թվականից: Ապագային նայելով, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն: Դա նշանակում է, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար պետք է մեղմվեն: Դեֆոլտի մասով՝ չեմ կարծում, որ այս պահին իրավաչափ է խոսենք, որ վտանգված ենք՚,- ասել է նախարարը:

Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ: «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով`ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- նշել էր Տեր-Պետրոսյանը:

ՀՀ Կենտրոնական բանկն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: «Դեֆոլտը, տվյալ դեպքում, նշանակում է պետության կողﬕց պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում: Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են ﬕ շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, ﬕջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»,-ասված է ՀՀ ԿԲ պատասխանում:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի արտաքին պարտքը 2016 թվականի վերջին կավելանա, ՀՆԱ-ի 43,7% -ից հասնելով մինչև 54,4%-ի: Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել էր նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, միայն 2014- 2016 թվականներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է $ 900 մլն: Մինչև տարեվերջ կառավարության պարտքը կհասնի $ 4,4 մլրդ-ի, իսկ Կենտրոնական բանկի պարտքը`$ 532 մլն-ի: Արդյունքում, ընդհանուր արտաքին պարտքը կկազմի մոտ 5 մլրդ: Իսկ ներքին պարտքը, ըստ ֆինանսների նախարարի, դոլարով արտահայտված, տարեվերջին կհասնի $ 934 միլիոնի: «Ընդհանուր հաշվով ընդհանուր պարտքը մինչև տարեվերջ կհասնի $ 5,9 մլրդ-ի», - ասել է նախարարը: Արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի մոտ 49%, իսկ ընդհանուր պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը`54.4%: