Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016 15:30
Մարիաննա Մկրտչյան

Կանխատեսում. ՀՀ կառավարությունը կփորձի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել՝ տեխնիկական դեֆոլտ հայտարարելով

Կանխատեսում. ՀՀ կառավարությունը կփորձի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել՝ տեխնիկական դեֆոլտ հայտարարելով

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կփորձի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել՝ տեխնիկական դեֆոլտ հայտարարելով: Համենայն դեպս, նման սցենարի իրականացման հավանականությունն առկա պայմաններում շատ մեծ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

ՙՎերջին ութ տարիներին տարեկան շուրջ 50 հազար մարդ անվերադարձ լքում է  Հայաստանը: Տնտեսական աճ չկա, իսկ երկիրը գոյատևում է՝ շնորհիվ միջազգային ֆինանսական ինստիտուտներից վերցվող վարկերի: Սակայն, այստեղ էլ մոտենում ենք նույնիսկ օրենքում ամրագրված՝ պետական պարտքի ՀՆԱ-ի 60% սահմանաչափին: Պետք է հասկանանք, որ 2020 թվականին արտաքին պարտքի սպասարկմանը կուղղվի

արդեն մեր պետական բյուջեի 28%-ը՚,- նշել է նա:

Նման իրավիճակում կառավարությունը, քաղաքական գործչի կարծիքով, դրությունն ինչ-որ կերպ կարգավորելու երեք հնարավորություն ունի. առաջինը՝ կտրուկ նվազեցնել ծախսերը՝ կտրելով ողջ սոցիալական հատվածի ֆինանսավորումը, ինչն էլ ավելի կսրի սոցիալական դժգոհությունը Հայաստանում, երկրորդ՝ էլ ավելի ավելացնել պետական պարտքը, երրորդ՝ դեֆոլտ հայտարարել:

ՙԼևոն Տեր-Պետրոսյանի կողմից դոֆոլտ հասկացության հիշատակումից հետո իշխանությունը և վերջնիս հետ փոխկապակցված փորձագետները շտապեցին հայտարարել Հայաստանի վճարունակության մասին: Դեֆոլտն ամենևին չի նշանակում վճարունակության բացակայություն, այն ընդամենը նշանակում է պարտքային պարտավորությունների չկատարման մասին որոշման ընդունում, և 

նույնիսկ կառավարության ծրագրում տնտեսության զարգացման սցենարների բացակայության պայմաններում միակ ելքն է թվում՚,- ասել է Զուրաբյանը: 

Հայաստանում հունական սցնարին շատ նման սցենարի իրականացումը, Զուրաբյանի կարծիքով, ամենահավանականն է՝ հաշվի առնելով ներկայիս արատավոր, կոռումպացված քաղաքական-տնտեսական մոդելի անկենսունակության ակնհայտությունը: Ըստ նրա, այդ մոդելը պահպանվում է՝ բացառապես արտաքին ֆինանսական ներարկումների միջոցով, իսկ Հայաստանի տնտեսությունը դեռ երբեք այդքան մոտ չի եղել կոլապսի, որքան այսօր: