Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2016 16:35
Նաիրա Բադալյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը Ասիական զարգացման բանկի  հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համատեղ ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը Ասիական զարգացման բանկի  հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ «Կայուն քաղաքաշինական զարգացման» (քաղաքային զարգացման բևեռներ), «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման», ինչպես նաև «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրերին առնչվող հարցեր:

Շեյն Ռոզենտալը նշել է, որ «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված դպրոցներից 8-ի նախագծային աշխատանքներում մեծ առաջընթաց է գրանցվել և հույս հայտնել, որ նույնպիսի հաջողությամբ կիրականացվեն մյուս դպրոցների նախագծաշինարարական աշխատանքները: Համայնքերում ավելացված արժեք ստեղծելու, եկամտաբեր արտադրություններ հիմնելու համատեքստում կարևորվել է «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրի» իրականացումը: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Աշտարակ, Ստեփանավան համայնքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրին: Պարոն Ռոզենտալը հաստատել է Շիրակի մարզում ծրագիրն իրականացնելու, ինչպես նաև Սյունիքի մարզի փոքր և միջին համայնքներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ԱԶԲ-ի պատրաստակամությունը:

Նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալության հայտնելով Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին համագործակցության համար՝ հույս է հայտնել, որ տարածքների զարգացման համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք: 

Նշենք, որ 2014-2018 թվականների ռազմավարական ծրագրով ԱԶԲ-ն Հայաստանին կտրամադրի 500 լն.դոլարի ֆինանսական աջակցություն: Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների, էներգիկայի և սոցիալական ծառայությունների խթանմանը: Տրանսպորտի ոլորտում ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքներին, ինչպես նաև տրանսպորտային կապերի ամրապնդմանը: Բացի այդ, ԱԶԲ-ն աջակցելու է աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների կայուն զարգացմանը, օգնելով տեղական մարմիններին: Ըստ բանկի փորձագետների, Հայաստանի մաշված էլեկտրական ենթակառուցվածքները և ուժեղ կախվածությունը ներմուծումից, թուլացնում է երկրի էներգետիկ անվտանգությունը: ԱԶԲ-ն մտադիր է աջակցել նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցմանը և արդիականացմանը: Հայաստանը միացել է ԱԶԲ-ին 2005 թվականին և գտնվում է խառը ֆինանսավորումով երկրների (արտոնյալ և սովորական)  խմբում ֆինանսավորման. ԱԶԲ-ն զբաղվում է աղքատության նվազեցման հարցերով Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` տնտեսական աճի խթանման և  տարածաշրջանային ինտեգրման միջոցով: