Արմինֆո. Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում մասնակիցների թիվը 2 կենսաթոշակային հիմնադրամների`«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ մոտ 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հասել է 155 հազարի, որից 65 հազարը ներկայացնում են պետական, իսկ մնացած 90 հազարը` մասնավոր հատվածը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, նշված հիմնադրամների ստեղծման օրից (2013, նոյեմբեր) նրանց եկամտաբերությունը հասել է 25.9%-ի (մեկ փայաբաժնի գինը 1000 դրամից հասել է մինչև 1259 դրամի): 2016 թվականի 10 ամիսներին կենսաթոշակային հիմնադրամների տարեկան միջին եկամտաբերությունը կազմել է 14.4%:
Ըստ աղբյուրի, 2016 թվականի նոյեմբերի 1-ին նշված հիմնադրամների կողմից կուտակված միջոցները կազմել են 57.2 մլրդ դրամ, որից 29%-ը կամ 17 մլրդ.դրամը տեղաբաշխված է բանկային ավանդներում, 5%-ը կամ 2.8 մլրդ.դրամը` կորպորատիվ, հիփոթեքային և միջազգային կազմակերպությունների պարտատոմսերում, 41%-ը կամ 23,3 մլրդ.դրամը` պետական պարտատոմսերում, 25% -ը կամ 14.1 մլրդ.դրամը` օտարերկրյա ներդրումային հիմնադրամների արժեթղթերում (ETF - Exchanged traded funds, ներառելով Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, Sony, Coca-Cola և այլ ընկերություների արժեթղթերը, ինչպես նաև ԱՄՆ պետական պարտատոմսերում և Gold mining fund-ի արժեթղթերը):
Կենսաթոշակային հաշիվների օպերատորներ են`Հայփոստը, Արարատբանկը, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Ինեկոբանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Կենսաթոշակային հաշիվների վրա գտնվող միջոցների մասին տեղեկություններ կարելի է ստանալ epension.am կայքից, նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ArCa բանկոմատների ցանցի միջոցով:
Նշենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են`ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 5 տրլն ԱՄՆ դոլար: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 29/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը (C-QUADRAT Investment AG)՝ 74.9 տոկոս մասնակցությամբ և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերությունը՝ 25.1 տոկոս մասնակցությամբ: Խումբն ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար: Նշված ընկերություններն առաջարկում են ներդրման երեք մոդելներ` առաջինը – կայուն եկամտաբերությամբ կենսաթոշակային հիմնադրամ, երկրորդը – պահպանողական կենսաթոշակային հիմնադրամ, երրորդը – հավասարակշռված կենսաթոշակային հիմնադրամ: Հաճախորդն ինքն է ընտրում նշվծ մոդելներից մեկը, իսկ մեկ հիմնադրամից մյուսին անցնելը տարվա ընթացքում անվճար է:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի ներդրման նախապատրաստական փուլին կառավարությունը ծախսեց մոտ 10 տարի: Իսկ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվել էր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):