Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2016 17:21
Նաիրա Բադալյան

«Գյումրի–Գարեջուր». ՏՄՊՀ-ի կողմից իրականացվող և երեք տարիներ տևած  ստուգումները հենց սկզբից պատվերի տպավորություն էին թողնում

Արմինֆո. Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակումների՝ «Գյումրի -Գարեջուրե ՍՊԸ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարտությամբ:

«ՏՄՊՀ-ի  կողմից  իրականացվող և երեք  տարիներ  տևած  ստուգումները հենց  սկզբից  պատվերի  տպավորություն  էին  թողնում,  իսկ  վերջին  հրապարակումը  իսպառ  փարատեց  բոլոր  կասկածները: «Գյումրի -Գարեջուրե ՍՊԸ-ին վերագրվող «խախտումները» հիմնավորված չեն, ինչը մանրամասն պարզաբանվում է կից ներկայացված տեղեկանքով, սակայն ուզում ենք անդրադառնալ նաև հարցի բարոյական կողմին և հարցնել, թե նմանատիպ  գործողությունները  եվ  շաբոյանատիպ  բութ  գործիքների  կիրառումը  ինչ  հետևանքներ  կարող են  ունենալ  գործարար  միջավայրի  եվ ներդրումային  մթնոլորտի  վրա: Ավելին, ապրիլյան  պատերազմի  օրերին,  երբ  ողջ  հայությունը,  այդ  թվում  «Գյումրի -Գարեջուրե   ընկերությունը, միավորվելով մեկ միասնական գաղափարի շուրջ, զբաղված էր  զոհերով,  վիրավորներով  և  ռազմաճակատի  խնդիրներով, Շաբոյանի  հիմնարկը  12 հոգանոց  խմբով  ստուգում  էր  իրականացնում  մեր  ընկերությունում՝ ապշեցնելով ընկերության հանրույթին իրենց սառնասրտությամբ:

«Գյումրի -Գարեջուրե  ընկերությունը մեկն  է  այն  մի  քանի  ընկերություններից,  որոնք  գյումրիակենտրոն  են  և  ունեն  համապետական  սպառում,  ինչպես  նաև  իրականացնում  են  արտահանման  ծրագրեր,  և ընկերությունը համարվում է մարզի  ամենախոշոր  հարկատուն  ու  գործատուն.   հիշեցնենք,  որ  վերջին  3  տարիների  ընթացքում  ընկերությունը վճարել է վեց  միլիարդից  ավել  հարկ:

Մամուլում  նաև վարկած շրջանառվեց,  որ  Շաբոյանի  այս  վերջին  սրացումները  կապված  են  ԱԺ  գալիք  ընտրությունների  հետ, և  եթե  այս  ամենը  ճիշտ  է, ապա  մեր  ժողովուրդը  պետք  է  հստակ ճանաչի այն ողորմելի մարդկանց, ովքեր  մանդատի  համար  պատրաստ  են  մարզի  և  Գյումրու  սոցիալ- տնտեսական  վիճակին  այդպիսի  հարված  հասցնել»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, նախորդ տարեվերջից սկսած, «Երևան գարեջուրե ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք և գրավում է շուկայի մոտ կեսը՝ ՏՄՊՊՀ-ը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը: Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումներում ընկերությունը նշում է, որ ավելացել են արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ ծախսեր և 6 տոկոսով կրճատվել են գարեջրի իրացման ծավալները: Վերոնշյալ պարզաբանումների հիմնավորվածությունը մանրամասնորեն ուսումնասիրվել է Հանձնաժողովի կողմից: Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաև այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ-ի նախագահին հորդորել է իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային: «Հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն ազդեցության լծակներ այստեղ չունի, բայց դա չի զրկում մեզ կարծիք արտահայտելու հնարավորությունից: Ուստի պարոն Շաբոյանին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ հորդորում եմ իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, և կա լուրջ մրցակցություն: Բացի դրանից, ես հանդիպել եմ այդ գործարարներին, ովքեր հիմնավորում են, որ շահութաբաժինն առավել չի դրած, և այդ իսկ պատճառով խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին», - նշել է Կարեն Կարապետյանը: