Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016 17:02
Նաիրա Բադալյան

Վերջին երկու ամսում էականորեն աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները

Վերջին երկու ամսում էականորեն աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները

Արմինֆո. 2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա  681.8 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Ինչպես հիշեցրել են գերատեսչության մամուլի ծառայությունը, ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` հայ-իրանական համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության խթանմանը` կարևորելով համագործակցության ակտիվացումը անասնաբուծության, սերմնաբուծության,  ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության և ձկնաբուծության ճյուղերում:

Հարկ է նշել, որ այժմ Հայաստանում է գտնվում ԻԻՀ Գիլան նահանգի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խումբը` ձկնաբուծության, թռչնաբուծության և այլ ճյուղերում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը  ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ քննարկելու նպատակով: