Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2016 09:53

Իրանը և ԵԱՏՄ-ն կարող են ազատ առևտրի գոտի ստեղծել

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի հետ քննարկել է Իրանի և ԵԱՏՄ պետությունների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն առնչվող հարցեր:

Տիգրան Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Մեհդի Սանաիին առևտրային համագործակցության ուղղությունները քննարկելու հնարավորության համար և նշել, որ ազատ առևտրի գոտու ձևավորման հարցն այսօր եվրասիական ինտեգրացիոն միավորման և ԻԻՀ միջև կառուցողական երկխոսության կարևորագույն մասն է կազմում:

ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով, Իրանն ԱԱԳ ստեղծման տեսակետից ԵԱՏՄ համար գերակա երկրների թվում է: Ըստ որում, ԵԱՏՄ երկրների նախագահները բազմիցս հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև հարաբերություններիխորացման օգտին: 

«Կարծում ենք, որ լուրջ ներուժ կա տնտեսական աճի խթանման համար»,-ասել է Սարգսյանը:

Մեհդի Սանաին իր հերթին ընդգծել է ԵԱՏՄ երկրների հետ ԱԱԳ ստեղծելու Իրանի մտադրությունների լրջությունը և հաստատել է այդ գործընթացն առավելագույնս արագացնելու երկրի շահագրգռվածությունը:

«Իրանը լավ առևտրատնտեսական հարաբերություններ ունի ԵԱՏՄ բոլոր երկրների հետ: Այդ պատճառով բոլոր հիմքերը կան արդյունավետ համագործակցության համար»,- ասել է դեսպանը:

Կողմերը հավանություն են տվել Իրանում գիտական և գործարար շրջանակների մասնակցությամբ խորհրդաժողով կազմակերպելու Սանաիի առաջարկին՝

ԵՏՀ աշխատանքը, ԵԱՏՄ գործունեությունը և  Իրանի ու ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները լուսաբանելու նպատակով: