 

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, որոշումն օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն այս օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս ողջ պոտենցիալը՝ նպաստելով նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Իջեցված գները գործելու են բոլոր ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ կիրականացնեն Շիրակ օդանավակայանից:
Նշենք, որ «Պոբեդա» լոուքոստերը վերջերս հայտարարեց, որ սկսել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրի նոր միջազգային չվերթի տոմսերի վաճառքը: Մինչև ձմեռային չվացուցակի վերջը նոր չվերթի համար առաջարկվել է առնվազն 10 000 տոմս, 999 ռուբլի նվազագույն սակագնով: Ինչպես հաղորդել են ավիաընկերությունում, ռուսական լոուքոստերի Մոսկվա-Երևան չվերթի տոմսը միջին հաշվով մեկ երրորդով էժան կլինի այդ երթուղով ուղիղ թռիչքներից: «Պոբեդայի ինքնաթիռները դեպի Գյումրի կսկսեն թռչել դեկտեմբերի 15-ից, շաբաթը երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:
|  RUB | 4.73 | -0.02 | 
|  USD | 382.65 | -0.07 | 
|  EUR | 442.76 | -1.39 | 
|  GBP | 502.42 | -1.81 | 
|  CAD | 273.11 | -1.10 | 
|  JPY | 24.83 | -0.03 | 
|  CNY | 53.79 | -0.02 | 
|  CHF | 477.00 | -1.40 | 

