Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016 15:05
Նաիրա Բադալյան

Վարչապետ. Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը

Վարչապետ. Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը

Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերել է չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված լուծումներին:

«Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում ներկայացվել են գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Նախ՝ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքի հետ: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում: Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները: Մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում են մոտեցումներե,-ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին՝ շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017թ. հունվարի 31-ը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: