Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016 17:26
Նաիրա Բադալյան

Հայաստանում կստեղծվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը կամ այն, ինչը չէր բավարարում ներդրումներ ներգրավելու համար

Հայաստանում կստեղծվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը կամ այն, ինչը չէր բավարարում ներդրումներ ներգրավելու համար

Արմինֆո. Հայաստանում կստեղծվի հերթական հարթակը, որն ուղղված կլինի երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը:

Գործադիրը դեկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներին:

Ինչպես հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության իրական ոլորտի մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման երկարաժամկետ հեռանկարի ապահովմանը, այլև մեծ շուկաների միջև ներդրումային հոսքերի համար հարմարավետ և գրավիչ հանգույցի ստեղծմանը։ «Հայաստանի իրավազորություն» (Jurisdiction Armenia) ծրագրի գաղափարախոսությունն է` համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը գրավիչ կդարձնի օտարերկրյա ընկերությունների համար և կստեղծի խթաններ ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան վերաուղղելու համար: Ծրագրի կարգախոսն է՝ «անվտանգ, բարենպաստ և հասանելի»։


Կառավարությունն ընդունել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին որոշում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրով: Որոշման նպատակն է հիմքեր նախատեսել Հայաստանում ռեդոմիցիլացիայի գործընթացն իրականացնելու համար. մի երկրի կազմակերպությանը հնարավորություն է տրվում տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը։

 

Այդ գործընթացն ապահովելու համար նախատեսված է ստեղծել ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կառավարման հիմնադրամ, որը կաջակցի ծրագրի շահառուներին՝ տարբեր բնագավառներում օրենսդրական և ենթակառուցվածքային լուծումներ առաջարկելու, Հայաստանի կազմակերպություններում մարդկային ռեսուրսների և կառավարման տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, ինչպես նաև ՀՀ արտասահմանյան ֆինանսական միջոցներ ներգրավելու միջոցով` արդյունքում նպաստելով երկրի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը։

 

Հիմնադրամի գույքը հիմնականում կձևավորվի հիմնադրամի ներդրումներից, դրամաշնորհներից, հիմնադրամի և իր կողմից ստեղծված կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից: Բացի այդ, հաստատվել է ստեղծվելիք հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը: