Արմինֆո. Համաշխարհային բանկը հերթական անգամ վերանայել է Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, իջեցնելով մինչև զրո: Տեղեկացնենք, որ հունվարին ՀԲ կանխատեսել էր`2.2% աճ, իսկ մարտին` 2.5% աճ: Հունիսի 17-ին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին հայտարարել էր, որ Բանկը Հայստանի տնտեսության աճն ընթացիկ տարում կանխատեսում է 1.9%: Նկատենք, որ ՀԲ վերջին պաշտոնական փաստաթղթում Հայստանի ՀՆԱ կանխատեսումը պահպանվել էր 3.1% մակարդակում:
Սակայն, ինչպես այսօր հայտարարել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը, Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները հուլիսից սկսած հիասթափեցնում է: «Առաջին եռամսյակում արձանագրած 4.5% տնտեսական աճից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխեց դեպի անկման փուլ, և հուլիսից մինչև հոկտեմբեր նկատվում է տնտեսական ակտիվության ամենամսյա անկում»,-հայտարարել է նա: Ըստ պաշտոնական տվյալների, նշել է փորձագետը, երրորդ եռամսյակում տնտեսական անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.8%: Ելնելով դրանից, ՀԲ փորձագետները նույնպես վերանայել են իրենց կանխատեսումը, նշել է նա: «Եվ եթե դեռ հոկտեմբերին Հայաստանի տնտեսական աճի գծով ՀԲ ակնկալիքները, 2016 թվականի արդյունքներով, դրական էին`2.4%, ինչի հիման վրա էլ կանխատեսվել էր 2017 թվականի 2.8% տնտեսական աճը, իսկ միջնաժամկետ հեռանկարում`3% աճը, ապա հիմա, հունվար-հոկտեմբերի տվյալների հիման վրա, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է ընդամենը 0.4%, մեր փորձագետների վերանայված և դեռ չհրապարակված կանխատեսումները ցույց տվեցին, որ տարվա արդյունքներով Հայաստանում չի լինի դրական տնտեսական աճ, կամ, լավագույն դեպքում, 2016 թվականին աճը կլինի զրոյական»,-հայտարարել է Գյուլումյանը: Ինչ վերաբերվում է 2017 թվականի սպասումներին, ըստ փորձագետի, այդ կանխատեսումների հիման վրա ՀԲ ակնկալում է, որ տնտեսական ակտիվույթունը չի գերազանցի 2%-ը, իսկ միջնաժամկետ հեռանկարում` կլինի 2-2.5% սահմաններում:
Նշենք, որ Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 0.4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.5% համեմատ: Տնտեսության շարժիչ ուժը շարունակում են մնալ արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը: 2015 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունն աճել էր 4,2: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, միայն հոկտեմբերին արձանագրվել է 18.7% անկում, իսկ տարեկան անկումը կազմել է 7.8%, մինչդեռ, մեկ տարի առաջ, հոկտեմբերին տեղի ունեցած անկումը կազմել էր 13.5%, իսկ տարեկան դինամաիկան` դրական 2.7%:
Ըստ երկրի պետբյուջեի, Հայաստանի ՀՆԱ աճը 2016 թվականին նախատեսված է 2.2%, 2017-ին` 3.2%: ԱՄՀ կանխատեսմամբ տնտեսական աճը կկազմի 1.9%, ՎԶԵԲ – 2% աճ, Fitch – մինչև 2%, Moody's – Հայստանի ՀՆԱ աճը 2016-ին կդանդաղի մինչև մինչև 2.2%: Հատկանշական է, որ բոլորովին վերջերս ՀՀ Կենտրոնական բանկը նույնպես իջեցրեց երկրի ՀՆԱ-ի կանխատեսումը` մինչև 1.3-1.8%: Անկախ տնտեսագետները գտնում են, որ երկրում, սկսած աշնանից, փաստորեն սկսվել է տնտեսական ռեցեսիա, որը սպառնում է վերածվել երկարաժամկետ տնտեսական լճացման: Իսկ Գյուլումյանի կարծիքով, դրական սոցիալական արդյունքի հասնելու համար Հայաստանը պետք է ամեն տարի արձանագրի առնվազն 5% տնտեսական աճ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ