Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2016 17:53
Նաիրա Բադալյան

Հայաստանը ձգտում է հայ ավիափոխադրողի համար հավասար պայմաններ ապահովել ՌԴ օդանավակայաններում

Հայաստանը ձգտում է հայ ավիափոխադրողի համար հավասար պայմաններ ապահովել ՌԴ օդանավակայաններում

Արմինֆո. Հայաստանի ավիացիոն իշխանությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ՝ ՌԴ օդանավակայաններում հայ ավիափոխադրողի համար ռուսական  ավիափոխադրողներին հավասար պայմաններ ապահովելու նպատակով, այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը հայտարարել է, որ խախտվում է հավասար պայմաններ սահմանելու վերաբերյալ Հայաստանի և ՌԴ միջև միջկառավարական համաձայնագիրը:  Ըստ որում, նա վկայակոչել է ՌԴ-ում հրապարակված պաշտոնական փաստաթուղթը օտարերկրյա և տեղի ավիափոխադրողների համար: Նրա ասելով, փաստաթղթում սահմանված գներով Երևան-Մոսկվա-Երևան չվերթի ինքնարժեքը հաշվարկելիս ռուսական փոխադրողի համար այն կազմում է 10-12 հազար դոլարով ավելի էժան, քան հայկական փոխադրողի համար:

 

Մինչդեռ, Ավետիսյանի խոսքով, օդանավագնացության և օդանավակայանային գանձումների ոլորտում գործող հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրում կա կետ, ըստ որի՝ հայ ավիափոխադրողներին պետք է տրամադրվեն պայմաններ՝ հավասար այն պայմաններին, որոնցից օգտնվում են ոչ ռուսական ընկերությունները: «Որևէ խախտում չեմ տեսնում»,- հայտարարել է պաշտոնյան:

 

Ներկայումս, ինչպես հայտնել է Ավետիսյանը, բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ՝ միջկառավարական համաձայնագիրը վերանայելու նպատակով: Երկրի ավիացիոն իշխանություններն ակնկալում են բանակցությունների արդյունքում հայ ավիափոխադրողների համար սահմանել ռուսական ավիափոխադրողներին հավասար պայմաններ: Նրա խոսքով, արդյունքում դա կանդրադառնա ավիատոմսերի գների վրա, քանի որ ռուսական ուղղությունը հիմնական է համարվում Հայաստանի ավիափոխադրողների համար: