Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեռ չի կողմնորոշվել երկրի ֆինանսների նախարարության «Դիլիջան» ուսումնական կենտրոնի հետագա ճակատագրի հարցում: Բայց պատրաստ է քննարկել այդ գույքի հետագա տիրապետման բոլոր տարբերակները: Այս մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը:
Կառավարության նոյեմբեր ի10-ի որոշմամբ ՊԵԿ-ի «Դիլիջան» ուսումնական կենտրոնը կփոխանցվի Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռին, այն երրորդ անձի օգտագործմանը հանձնելու իրավունքով:
Ներկայումս, պարզաբանել է Սահակյանը, ընթանում են ընդունման-հանձնման աշխատանքները: ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության հաշվիկշռից իր հաշվեկշռին է ընդունում այդ գույքը, որից հետո այն կփոխանցվի Պետական գույքի կառավարման վարչությանը: Այդ ընթացքում կճշգրտվի նաև գույքի շուկայական արժեքը: Ինչպես նշել է Սահակյանը, «Դիլիջան» ուսումնական կենտրոնը կարող է օտարվել, հանձնվել վարձակալության, ինչպես նաև հավատարմագրային կառավարման: «Այս դիրքորոշումը մենք արդեն ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը: Եվ եթե ցանկություն լինի կատարել ներդրումներ, այդ համալիրը վերցնել հավատարմագրային կառավարման, կամ վարձակալության, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները: Ներկա պահին համալիրի շահագործման հարցում շահագրգվածներ չկան»,-եզրափակել է Սահակյանը:
2008թ-ի դեկտեմբերի 23-ին կառավարությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ՊԵԿ կազմում «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշում կայացրեց: Կենտրոնի նպատակը հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումն ու վերաորակավորումն էր: 2010թ-ին կառավարության որոշմամբ ՊՈԱԿ-ին 505 միլիոն դրամով տրամադրվեց կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջանի ստեղծագործական տունը»` հարակից 3.5հա հողամասով, իսկ 2011թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` այդ տարածքին միացվեց Դիլիջան ազգային պարկի տարածքից ևս 22.505 հա հողամաս: 2012թ-ին ՀՀ կառավարության պահեստային ֆոնդից Դիլիջանի ուսումնական կենտրոնի նախագծային աշխատանքների իրականացման համար ՊԵԿ-ին հատկացվեց 1 մլրդ դրամ: Մեկ տարի անց` 2013թ-ին, ՊԵԿ-ը որոշեց փոփոխություններ կատարել 1 մլրդ դրամանոց նախագծում և փոփոխությունների համար նոր պայմանագիր կնքեց «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցի հետ` դրա դիմաց վերջինին վճարելով 44.9 միլիոն դրամ: Ստեղծման օրից մինչ օրս միայն հրապարակված ծախսերի հաշվարկով կենտրոնի վրա պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 26 մլրդ դրամ: