Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 19:30
Մարիաննա Մկրտչյան

Հասան Ռոուհանի. Իրանը դրական է գնահատում հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած կառուցողական առաջարկ

Հասան Ռոուհանի. Իրանը դրական է գնահատում հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած կառուցողական առաջարկ

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Հասան Ռոհանին՝ ավելացնելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ: Հասան Ռոհանին միաժամանակ հույս է հայտնել, որ ապագայում ականատես կլինեն այդ ծրագրերի կյանքի կոչմանը: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանի Հանրապետություն, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար: 

ՀՀ վարչապետն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց իրականացումն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի հետագա համագործակցությանը: Մասնավորապես, առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի սետիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու առևտրաշրջանառության աճին: 
Հատկանշելով Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝ վարչապետ Կարապետյանն առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է նաև իրանական ընկերությունների գործունեության ընդլայնումը Հայաստանում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացում:

Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման և փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին:

Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկություն:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև. 2016 թ. հունվար-հոկտեմբերին կազմել է $ 199 մլն., տարեկան անկումը`14%: Մասնավորապես, արտահանումը նվազել է 3,8%, մինչև $ 65 մլն, իսկ ներմուծումը`18.2%, մինչև $ 134 մլն: Մեկ տարում զգալիորեն նվազել է նաև իրանական ներդրումների ծավալի Հայաստանի տնտեսությունում: Ըստ պաշտոնական վիճակագրության, ընդհանուր զուտ ներդրումների ներհոսքը 2016-ի հունվար – սեպտեմբեր ամիսներին կազմել է 220 մլն դրամ ($ 460 հազ.), նախորդ տարի`315 մլն դրամ: Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքն առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 27.0 մլն,դրամ ($ 57 հազար), նախորդ տարի` մինուս 98,3 մլն դրամ: Իրանական կուտակված ուղղակի ներդրումների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 2,2 մլրդ դրամ ($ 460 մլն):