
Արմինֆո. Հայաստանում կապի ոլորտի տարեկան հասույթը 2016 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 139.1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`8.7% (նախորդ տարվա անկումը`6.2%): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`95% կամ 131.7 մլրդ դրամ, տարեկան անկումը`8.7%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի նոյեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կրճատվել է 1.5%, մինչև 12.2 մլրդ. դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթը կազմել է 11.4 մլրդ դրամ, ամսական անկումը`1.8%: Տարեկան կտրվածքով կապի ոլորտի հասույթը կրճատվել է 7.6%, իսկ հեռահաղորդակցության հատվածի հասույթի անկումը կազմել է 8%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար- նոյեմբերին կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 153.7 մլրդ դրամ, իսկ ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 145.6 մլրդ. դրամ: