Երկուշաբթի, 16 Հունվարի 2017 15:32
Նաիրա Բադալյան

Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետը տեղյակ չէ միջին օղակի աշխատանքի ցածր որակի մասին

Արմինֆո. Տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարն, իրականում, տեղյակ չէ հանրապետության պետական ապարատի միջին օղակի «խայտառակ» աշխատանքի մասին: Նա այդ մասին հայտարարել է հունվարի 16-ի մամուլի ասուլիսում:

 

Տնտեսագետի ասելով, այսօրվա դրությամբ երկրի պետական ապարատի անձնակազմի առնվազն կեսն իր տեղում չէ և արժանի չէ այն աշխատավաձին, որ ստանում է: Բացի այդ, ինչպես կարծում է Մանասերյանը, մի երկու նախարարություն, ընդհանրապես, հարկավոր է կրճատել, քանի որ դրանք կրկնօրինակող գործառույթ են իրականացնում և այդ կառույցների գործունեության ՕԳԳ զրոյական է: Փորձագետը նաև կոչ է անում դադարեցնել կադրերի ռոտացիայի արատավոր փորձը: «Մարդն իր տեղում իրեն չի արդարացնում, և նրան, հեռացնելու փոխարեն, գործուղում են նոր տեղ», - հայտարարել է նա: Այդ համատեքստում փորձագետը վարչապետի առաջնային խնդիրը  համարել է ճիշտ կադրային քաղաքականությունը:

 

Տնտեսագետը փաստել է, որ Հայաստասնի բոլոր վարչապետերը երկրում դրական փոփոխությունների հասնելու ցանկութնյուն են ունեցել, սակայն, մշտապես զգացվել է թիմային խաղի բացակայություն: Մանասերյանի համար ակնհայտ է իրավիճակը բարելավելու վարչապետ Կարապետյանի ցանկությունը և քաղաքացիական հասարակության հետ ավելի բաց աշխատելու ձգտումը: Միևնույն ժամանակ, տնտեսագետը հաղորդում է, որ կառավարության փոփոխությունից հետո կառավարության աշխատակազմին ուղարկել է 4 տարի առաջ մշակված «Հայաստանի զարգացման ճանապարհային քնարտեզը»` համագործակցության ակնկալիքով: «Փոխարենը` ստացա խայտառակ պատասխան` թե, իբր, շատ դրույթներ արդեն իրագործվել են: Դրա պատճառը միջին օղակի խայտառակ աշխատանքն է», - կարծում է փորձագետը: «Այսօրվա դրությամբ մենք չենք կարող պարծենալ Հայաստանի նախարարների կաբինետի թիմային աշխատանքով, քանի որ շատերը հասկանում են, որ իրական բարեփոխումների իրականացման արդյունքում առանց գործ կմնան: Արդյունքում` նրանք ամեն կերպ խոչընդոտում են դրան, իսկ վարչապետը տղյակ չէ», - հայտարարել է Մանասերյանը: «Կադրային քաղաքականություն կառուցելիս առաջին հերթին անհրաժեշտ է շեշտադրում կատարել ոչ թե կատարողների, այլ նախաձեռնող մարդկանց վրա», - կոչ է արել Թաթուլ Մանասերյանը:

 

Հիշեցնենք, որ Թաթուլ Մանասերյանը և նրա ղեկավարած «Այլընտրանք» կենտրոնը 2013 թվականին մշակել և իշխանությունների քննարկման էր ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը, որը ներառում էր արտահանման խթանմանը, ԱՏԳ ստեղծմանը, ներդրումների ներգավմանն առնչվող մի քանի տարբեր սցենար: Որպես անկյունաքար դրված էր  երկրի մարդկային ներուժի զարգացումը: