Չորեքշաբթի, 18 Հունվարի 2017 18:02
Նաիրա Բադալյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչին

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և  Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, նախարարը, ողջունելով հյուրին, կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Կողմերը քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ նախագծերից  մեկը՝ ՀՀ հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշենե սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։ 

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև նախարարության առաջնահերթություններն ու օրակարգային նախագծերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ: Խոսքը, մասնավորպես, վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրիե հարավային հատվածի շինարարությանը: Այստեղ ակնկալվում է ՎԶԵԲ-ի միջնորդությունը պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների կենտրոնիե ստեղծմանը:Նախարարը հույս  է հայտնել, որ ՎԶԵԲ-ը ներդրումը կունենա նաև միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում: Հանդիպման ավարտին Ֆրանս Վիկերսն առաջարկել է յուրաքանչյուր նախագծի շուրջ քննարկումներ անել ՎԶԵԲ-ի ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների  հետ` հնարավոր գործակցության ուղիներն ավելի խորքային հասկանալու համար: