Ուրբաթ, 20 Հունվարի 2017 13:25
Նաիրա Բադալյան

«Չեխոսլովակ գրուպը» շահագրգռված է Հայաստանի հասարակական տրանսպորտի զարգացմամբ

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է չեխ գործարարների հետ, որոնք ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, «Չեխոսլովակ գրուպ»  ընկերությունը, որը ներկայացնում է «Տատռա» կազմակերպությունը, մասնավորապես հետաքրքրված է Հայաստանում հանրային տրանսպորտի համակարգի զարգացմամբ և տարբեր ոլորտներում օգտագործվող մեքենաների սպասարկման կենտրոնի ստեղծմամբ:

 

Կազմակերպության ներկայացուցիչ Ջիրի Վաբռան ներկայացրել է Երևանի հանրային տրանսպորտի զարգացման նախնական առաջարկը:

 

Սուրեն Կարայանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կազմակերպության առաջարկները կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ` դրանց շուրջ հետագա քննարկումներն ապահովելու համար: Ջիրի Վաբռան շեշտել, որ նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում  Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ կազմակերպությունը մտադիր  է համագործակցել:

 

Կողմերը պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել հետագա աշխատանքները և կազմակերպության ծրագրերը իրագործելու նպատակով:

 

2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Չեխիայի Հանրապետության և Հայաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 13,7 մլն դոլար: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տարեկան անկումը կազմել է 31,7%: Երկու երկրների առևտրային շրջանառության կառուցվածքում արտահանումը կազմել է 2,2 մլն դոլար` 40% աճով, իսկ ներմուծումը կազմել է 11,5 մլն դոլար` 37,3% անկմամբ: