Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017 12:02
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել Մոսկվայում ընթացած բանակցությունների առնչությամբ

Կարեն Կարապետյանը գոհունակություն  է հայտնել Մոսկվայում ընթացած բանակցությունների առնչությամբ

Արմինֆո.  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հայ-ռուսական բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի համար հրապարակված հայտարարությունում  գոհունակություն է հայտնել բանակցությունների առնչությամբ և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Երևան:

 

Ինչպես  ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մոսկվա այցելելու հրավերի, մեր պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության, կառուցողական և բեղմնավոր հանդիպման համար: Մենք բոլորովին չենք թաքցնում, որ Մոսկվա այցը՝ դա այց է բարեկամական, եղբայրական, դաշնակցային երկիր: Ցանկանում եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով: Մենք Ռուսաստանի կառավարության նախագահի հետ քննարկել ենք կատարված աշխատանքի արդյունքները, արձանագրել ենք հարաբերությունների շատ բարձր մակարդակ, սակայն միաժամանակ կարծում եմ, որ բոլորը համաձայն կլինեն՝ այդ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Քննարկել ենք մի շարք ուղղություններ, թե ինչպես պետք է ընթանան ռուս-հայկական հարաբերությունները և կարծում եմ, որ մենք ուղենշեցինք զարգացման ոլորտներն ու կոնկրետ միջոցառումները: 
Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի ստորագրմանը, ես կարծում եմ որ դա ուժեղ թափ կհաղորդի մշակութային, հումանիտար հարաբերություններին: Հայաստանը, որպես տուրիստական գոտի, Ռուսաստանի քաղաքացիների համար թերագնահատված է: Մենք այս տարի սպասում ենք սկզբունքային նոր փոփոխություններ տուրիզմի ոլորտում՝ դրական առումով: 


Դմիտրի Անատոլիի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ պաշտոնական այցով հրավիրել Երևան,կարծում եմ, որ ուղղությունները, որոնց մասին Դուք նշեցիք՝ ունեն հսկայական ապագա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»: