Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստան իր առաջին պաշտոնական այցի արդյունքներից: Այդ մասին նա ասել է «ՄԻՐ 24»-ին հարցազրույցում:
«Իրականում այն ներքին խնդիրները, որոնք մեր առջև դրել էինք, մեր ռուսաստանցի գործընկերները բավական դրական են ընկալել, ու եթե հակիրճ ասենք, ապա ես շատ գոհ եմ այցի արդյունքներից»,– ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով, հանդիպումը շատ կառուցողական էր: Միաժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և մի շարք ուղղություններ, որոնք դիվերսիֆիկացնում և ընդլայնում են համագործակցության ոլորտները:
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են ստեղծել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, ինչը կնպաստի ռուսական կապիտալի առաջխաղացմանը:
«Ռուսական կապիտալը կգա ազատ տնտեսական գոտի, որն օրերս կբացվի Իրանի հետ սահմանին։ Մենք պայմանավորվել ենք սարքավորումներ մատակարարելու շուրջ, ինչը սկզբունքորեն փոխում է Հայաստանում գյուղատնտեսական մշակման մեթոդները»– ասել է վարչապետը։