Երկուշաբթի, 30 Հունվարի 2017 14:10
Նաիրա Բադալյան

Շուտով կներկայացվի մասնավորեցման նոր ծրագիրը

Շուտով կներկայացվի մասնավորեցման նոր ծրագիրը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Այդ մասին վարչապետին զեկուցել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շաբաթ օրը  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում,  ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում: