Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017 11:59
Նաիրա Բադալյան

ՋՏՊԿ-ում մեկնարկել է «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մրցույթի եզրափակիչ փուլը

ՋՏՊԿ-ում մեկնարկել է «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մրցույթի եզրափակիչ փուլը

Արմինֆո. ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մատուցման մրցութային փաթեթների բացման արարողությունը: Մրցույթն իրականացվում է գերմանական KfW բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի տեխնիկական առաջադրանքը մշակվել է անկախ փորձագետի կողմից՝ նույնպես Բանկի ֆինանսավորմամբ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, մրցույթի առաջին փուլում ստացվել է 11 հայտ, որոնք միաժամանակ գնահատվել են KfW բանկի անկախ փորձագետի և ՋՏՊԿ-ի կողմից: Այդ փուլում կազմվել է մրցույթի ապագա մասնակիցների կարճ ցուցակը, որում ընդգրկվել են 5 մասնակիցներ: Կարճ ցուցակը համաձայնեցվել է Բանկի հետ: Կարճ ցուցակում ընդգրկված մասնակիցների համար կազմակերպվել է տեղեկատվական սեմինար, Կոմիտեում բացվել է տեղեկատվական սենյակ:  Խորհրդատուի միջոցով պարզաբանվել են մասնակիցների կողմից բարձրացված բոլոր հարցերը:

 

Մրցույթի երկրորդ փուլին մասնակցել են կարճ ցուցակում ընդգրկված 5 ընկերություններից 4-ը: «Գաուֆտ» ընկերությունը հրաժարվել է մասնակցել

մրցույթին: Ներկայացված մրցութային փաթեթների գնահատման համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով՝ ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ:

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում գնահատող հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված տեխնիկական առաջարկները, որոնք KfW բանկի հետ քննարկելուց հետո, կբացվեն նաև ներկայացված ֆինանսական առաջարկների փաթեթները, որոնք այս պահի դրությամբ կնքվել և պահպանվում են չհրկիզվող պահարանում:

 

Նշենք, որ ՋՏՊԿ նորաստեղծ Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության գործունեության հիմքում ընկած է պետական գույքի արդյունավետ և խելամիտ կառավարման սկզբունքը: Վարչության ձևավորման գործընթացը նախաձեռնվել էր դեռևս 2016 թվականի կեսերին՝ նպատակ ունենալով ստեղծել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր և համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում և կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաև՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից:

 

Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդել էին Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, Կոմիտեի նախագահ Արսեն

Հարությունյանի ասելով, Հայաստանի ջրային համակարգը թևակոխում է զարգացման որակական նոր փուլ, մշակվել և ընդունվել են խմելու ջրի և ոռոգման համակարգերի ռազմավարությունները, վերջին 10-12 տարիների ընթացքում միայն խմելու ջրի համակարգերի զարգացման նպատակով կատարվել է ավելի քան 230 մլ դոլարի ներդրումներ, առավել մեծածավալ ներդրումներ են կատարվել նաև ոռոգման համակարգում: «Կատարված ներդրումների շնորհիվ այսօր ՋՏՊԿ ՀՀ գույքային ունեցվածքի ամենամեծ տնօրինողներից է, և մեզ համար արդիական է ստեղծված գույքի պահպանումն ու արդյունավետ շահագործումը, պլանավորումն ու ներդրումների նպատակային իրականացումը»,-  հայտարարել էր նա:

 

ՋՏՊԿ նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանն, իր հերթին, նշել էր, որ պետական գույքի արդյունավետ, նպատակային և խելամիտ կառավարումն այսօր լուրջ խնդիր է դարձել պետական կառույցների համար: «Մենք ակնկալում ենք, որ վարչությունը, որ ստեղծվելու է  խորհրդատվությունների արդյունքում, պետք է դառնա ներդրումային մեթոդաբանության և ռազմավարության մշակման հիմնական հարթակը»,- ասել էր Վ. Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ,  ՋՏՊԿ-ի նպատակն է ձևավորել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր և համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում և կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաև՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից:

 

«Մենք ակնկալում ենք, որ ծրագրի ավարտին կունենանք գույքի կառավարման մշակված ռազմավարություն, կառավարման անհրաժեշտ բազա և ծրագրային ապահովվածություն, գույքի կառավարման հանրապետական ցանց և զարգացման ծրագրեր: Այնպես որ, անկախ նրանից, թե ով է լինելու մրցույթի հաղթողը, մեր սպասելիքները այս ծրագրերից մեծ են»,- ասել էր  ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը: