Ուրբաթ, 3 Փետրվարի 2017 20:41
Նաիրա Բադալյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկվել է Ռոյալթիների վճարման նոր կարգը լեռնահանքային ոլորտում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկվել է  Ռոյալթիների վճարման նոր կարգը լեռնահանքային ոլորտում

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 3-ին հանդիպել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտում սպասվելիք բարեփոխումները:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին՝ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում համապատասխան օրենսդրական առաջարկություններ`2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսելու մեղմացնող փոփոխություններ: Արդյունքում ` հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կկիրառվի 80% սահմանաչափ: Կհասհմանվի նաև մինչև օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատում:

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը նշել է, որ Կառավարությունն առաջին անգամ է արձագանքում լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին, և սա ոլորտի համար լուրջ բարեփոխում է: Նախարարը ներկաներից հետաքրքրվել է, թե ինչպիսի ազդեցություն կունենա որոշումը ոլորտի ակտիվության վրա: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Դավիթ Եդիգարյանը, շնորհակալություն հայտնելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը որոշման համար, նշել է, որ արդյունքում նոր ներդրումներ են ակնկալվում: Նախարարը ներկաների հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտի մի շարք հարցեր ևս:-