Հինգշաբթի, 9 Փետրվարի 2017 20:43
Նաիրա Բադալյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Նիդերլանդների ավագ փորձագետների ընկերության (PUM) հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Նիդերլանդների ավագ փորձագետների ընկերության (PUM) հետ  քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «PUM» Նիդերլանդների ավագ փորձագետների հիմնադրամի Հայաստանի համակարգող Ալբերտ Ուեսթերինգսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, Նիդերլանդների կառավարության կողﬕց ֆինանսավորվող այս կազմակերպությունը կոչված է նպաստել ձեռնարկատիրության և աշխատատեղերի ստեղծման միջոցով փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացմանը, աջակցել գործարարությանը զարգացող երկրներում և շուկաներում: PUM-ն աջակցում է ձեռներեցներին տեխնիկական միջոցներով, իրականացնում է կարճաժամկետ խորհրդատվական առաքելություններ ավագ գործարարների ու վերլուծաբանների, կամավորների կողմից` ապահովելով գործնական գիտելիքներով և փորձառությամբ:

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և հուսով ենք, որ հայ մասնագետների վերապատրաստման հարցում ձեր կազմակերպությունը կարող է մեզ մեծ օժանդակություն ցուցաբերել», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Իր հերթին Ալբերտ Ուեսթերինգսը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է «PUM» հիմնադրամի ուշադրության կենտրոնում և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում խորհրդակցությունների և սեմինարների կազմակերպման ուղղությամբ:

 

Նկատի ունենալով Նիդերլանդների Թագավորության հաջող փորձն ագրարային բնագավառի տարբեր ճյուղերում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել հոլանդացի փորձագետների ներգրավմամբ մեղվաբուծության ոլորտում համագործակցության հնարավորությունը` հետագայում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու հեռանկարով:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, մարքեթինգի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր: