
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան ամփոփիչ հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ԵՄ անդամ-պետությունների դեսպաններ, ասոցիացիայի անդամ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Կառավարության ղեկավարը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է եվրոպական բիզնեսի հետ հարաբերությունների ընդլայնմամբ: «Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բոլորդ Հայաստանի Հանրապետությունում զգաք ապահով, կատարեք ներդրումներ, ստեղծեք աշխատատեղեր, վճարեք հարկեր և հարստանաք: Մենք պատրաստ ենք կամայական հարթակում քննարկել ձեզ հուզող բոլոր խնդիրները, նախաձեռնություններն ու առաջարկությունները»,- ընդգծել է վարչապետը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բաց քաղաքականություն իրականացնելու և բիզնեսի առջև բաց լինելու համար: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում ընդունել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր որոշումներ, որոնք կնպաստեն ներդրումների ներգրավմանը: Սվիտալսկիի խոսքով՝ Եվրոպական միությունը և բիզնես համայնքը պատրաստ են Հայաստանի հետ հետագա համագործակցության զարգացման ու խորացման:
RUB | 4.84 | -0.02 |
USD | 381.46 | -0.09 |
EUR | 449.97 | -0.14 |
GBP | 515.54 | -0.09 |
CAD | 279.01 | 0.47 |
JPY | 24.46 | -0.01 |
CNY | 54.38 | 0.09 |
CHF | 484.76 | 0.19 |

