Ուրբաթ, 24 Փետրվարի 2017 18:09
Էմմանուիլ Մկրտչյան

Երևանում անցկացվել է «Փորձարկի՛ր արժեշղթան»  սննդամթերքի փորձարկմանն առնչվող արժեշղթայի որակային հատկանիշների քննարկմանը նվիրված եռօրյա աշխատաժողով

Երևանում անցկացվել է «Փորձարկի՛ր արժեշղթան»  սննդամթերքի փորձարկմանն առնչվող արժեշղթայի որակային հատկանիշների քննարկմանը նվիրված եռօրյա աշխատաժողով

Արմինֆո. Փետրվարի 21-23-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Գերմանիայի Դաշնային հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է«Փորձարկի՛ր արժեշղթան» սննդամթերքի փորձարկմանն առնչվող արժեշղթայի որակային հատկանիշների քննարկմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են գինու արտադրության, ձկնարտադրության և չորամրգերի ու բնական հյութերի արտադրության արժեշղթայի որակային հատկանիշները:  Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ պետական տարբեր գերատեսչություններից, որակի ենթակառուցվածքի համակարգի կազմակերպություններից, այլ շահագրգիռ կառույցներից, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, գինու, չորամրգերի, բնական հյութերի և ձկնարտադրության ոլորտի ներկայացուցիչներ:   

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, աշխատաժողովի բացմանը մասնակցել և ողջունի խոսքով հանդես է եկել ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նախարարի տեղակալը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, ներկայացրել  առևտրի և որակի ենթակառուցվածքային քաղաքականությունը Հայաստանում և աշխատաժողովի մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք: ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան բաղադրիչի ղեկավար Վիլհելմ Հուգոն ներկայացրել է Հայաստանում իրականացվող իրենց ծրագիրը՝ նշելով, որ այն ապրիլից թևակոխելու է նոր եռամյա փուլ:ԳԴՀ  չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) գործունեությունը և ծրագրի նպատակներն ու գործունեության ոլորտները Հարավային Կովկասում ներկայացրել է ծրագրի համակարգող Մորից Աքերմանը:

Աշխատաժողովի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք միջազգային փորձագետներ: Միջազգային գինեգործ և փորձագետ Յոզեֆ Վացլը ներկայացրել է իր փորձառությունը գինեգործության ոլորտում, գինու արտադրության կազմակերպումը  արևմտյան երկրներում և Հայաստանում գինեգործության ոլորտում կիրառվող մոտեցումները, խնդիրները, համեմատությունները, ինչպես նաև լաբորատորիաների տրամաչափարկման, ծառայությունների պրոֆիլավորման ու տեղաբաշխման տեսլականներ: PTB ընկերության փորձագետ Դոկտոր Քրիստին Ֆրոզեն իր հերթին խոսել է ձկնարտադրության, չորամրգերի և բնական հյութերի արտադրության բնագավառում եվրոպական փորձի մասին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության աշխատակիցների կողմից ներկայացվել է «Որակի ենթակառուցվածքը ՀՀ-ում» թեմայով շնորհանդեսը` աշխատաժողովի մասնակիցներին տեղեկացնելով ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում առկա իրավիճակի, ներկայումս համապատասխան ոլորտներում գործող իրավական դաշտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղություններով կատարված և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:

Փորձարկման լաբորատորիաների, մասնավորապես՝ «Ստանդարտ-Դիալոգ»-ի և

«Տոնուս-Լես»-ի  ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը և փորձը տվյալ ոլորտներում:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում գինու, բնական հյութերի, չորամրգերի և ձկնարտադրության ոլորտներում կիրառվող  քաղաքականության, ԵՄ-Հայաստան առևտրային կապերի, արտադրության միջազգայնորեն հավատարմագրված մեթոդների, արտահանման հնարավորությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: