Ուրբաթ, 24 Փետրվարի 2017 19:57

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մասնակցեց Չինաստանի գործարար և կառավարման բնագավառի ղեկավարների հետ առցանց կոնֆերանսին

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մասնակցեց Չինաստանի գործարար և կառավարման բնագավառի ղեկավարների հետ առցանց կոնֆերանսին

Արմինֆո. Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մասնակցեց Չինաստանի պետական կառույցների, խոշոր ձեռնարկությունների, գործարար ասոցիացիաների ղեկավարների և տարբեր երկրներում Չինաստանի դիվանագետների հետ առցանց համաժողովին: Համաժողովը նվիրված էր Հայաստանում առևտրա-ներդրումային միջավայրի խնդիրներին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱԳ նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության կառուցվածքը, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները: Նա տեղեկացրեց Հայաստանում ներդրումային միջավայրի և տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների մասին:

Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովին, որի շրջանակներում քննարկում է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի բարելավման խնդիրները, այդ թվում գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից, ինչպես նաև ներդրումային և այլ համագործակցության ծրագրեր:

Ռոբերտ Հարությունյանը նշեց նաև, որ Չինաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ տարածք մուտք գործելուն պես, ինչը կարևոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, քիմիական, էլեկտրական սարքավորումների ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում ստեղծված առևտրային հնարավորություններին:

Համաժողովի ժամանակ չինական գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նմանատիպ ձևաչափով քննարկումները: