Երեքշաբթի, 7 Մարտի 2017 11:50
Մարիաննա Մկրտչյան

ՀԿԵ-ում ամփոփել են փետրվարի աշխատանքի արդյունքները

ՀԿԵ-ում ամփոփել են փետրվարի աշխատանքի արդյունքները

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց անցած ամսվա աշխատանքի արդյունքները:  Ինչպես նշեց Ս.Վալկոն, փետրվարին ընկերությունն ակտիվացրել է Կավկազ-Փոթի լաստանավային երթուղու վերականգնմանն ուղղված իր աշխատանքները: Իսկ Վրացական երկաթուղու հետ համատեղ ընդունվել են դեպի Հայաստան և Հայաստանից դուրս բեռնափոխադումների սակագների վերաբերյալ  մի շարք կարևոր որոշումներ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից,  գլխավոր տնօրենը հայտնեց, որ նշված ժամանակահատվածում կատարվել են բեռնափոխադրումների նախատեսվող ցուցանիշը և բեռնաշրջանառությունը:  Արտահանումն աճեց 9,3%-ով, իսկ փոխադրումները տեղական հաղորդակցությունում նվազել են 3,7 հազ տն-ով:

Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, բեռնատար գնացքի միջին քաշը նախորդ տարվա հետ համեմատ աճել է 3,5% և կազմել 1476 տոննա: Ավելացել է նաև լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունն ավելացել է 2%-ով և կազմել 35,7 կմ/ժ, իսկ տեխնիկականը կազմեց 40,9 կմ/ժ՝ աճելով 3,3%-ով:

Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է բեռնատար վագոնների պարկը, էլեկտրաէներգիայի ծախսը:

Փետրվարին կատարվել է նաև վագոնների ընթացիկ վերանորոգման ծրագիրը: Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 970 գնացք, որից 954-ը՝ ըստ չվացուցակի: Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:  Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի փետրվարին գծի բալային գնահատականը բարելավել է 8 կետով՝ կազմելով 78 միավոր: Իսկ հունվարի նկատմամբ գծի բալային գնահատականը կատարելագործվել է 4 միավորով:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովման հարցը, հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները:

Սերգեյ Վալկոն հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները երկաթուղի նոր բեռների ներգրավվման ուղղությամբ՝ հատկապես Կավկազ-Փոթի լաստանավի միջոցով, ինչը թույլ կտա ուղիղ երկաթուղալաստանավային հաղորդակցություն հաստատել Հայաստանից Ռուսաստան և ԱՊՀ երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: