Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 12:07
Մարիաննա Մկրտչյան

Վարչապետը ծանոթացել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման ընկերության գործունեությանը

Վարչապետը ծանոթացել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման ընկերության գործունեությանը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը  այցելել  է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջել է արտադրամասերով և լաբորատորիաներով, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: Վարչապետին ներկայացվել է, որ սննդի անվտանգության և որակի վերահսկողության ապահովման նպատակով արտադրամասերը, ինչպես նաև անասնաբուժական, մանրէաբանական, ֆիզիկաքիմիական լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Նշվել է, որ «Նատֆուդ» ՓԲԸ-ն ունի FSSC 22000 սննդի անվտանգության որակի կառավարման համակարգին համապատասխանության վկայական, ինչով և առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Արտադրական հզորության ծավալը կազմում է օրական մինչև 40 տոննա, արտադրատեսականին՝ շուրջ 160, աշխատատեղերի թիվը՝ 180: Առաջիկայում ընկերությունը շուկային ներկայանալու է նոր ապրանքանիշով:

 

Կարեն Կարապետյանը, ողջունելով ձեռնարկության գործունեությունը, կարևորել է որակի վերահսկողության շարունակական բարձրացմանը և ծրագրերի ընդլայնմանն ուղղված քայլերը: