Հինգշաբթի, 23 Մարտի 2017 20:15
Նաիրա Բադալյան

ՀՀ վարչապետը հանձնարարել է արագացնել Իրանի հետ սահմանի վրա ԱԱԳ ստեղծումը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպմանը վերաբերող հարցեր: 

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել Սյունիքի ԱՏԳ կազմակերպիչ ընկերություն: 


Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացվել ԱՏԳ ձևավորման քայլերի, պետություն-մասնավոր համագործակցության բանաձևի, կազմակերպման առաջին փուլի և ծրագրի իրականացման ռիսկերի կառավարման վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին փուլի աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության տևողության և ավարտի ժամկետը՝ սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: 


Վարչապետը հանձնարարել է արագացնել գործընթացը և կառավարության առաջիկա նիստին ներկայացնել Սյունիքում ԱՏԳ ստեղծելու որոշման նախագիծ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համապատասխան որոշման ընդունմամբ կառավարությունը կհաստատի ԱՏԳ ստեղծման հայտը և կազմակերպչին, իսկ արդեն սույն թվականի աշնանը Սյունիքի ԱՏԳ-ն կսկսի գործել:-