Հինգշաբթի, 6 Ապրիլի 2017 14:01
Նաիրա Բադալյան

Կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման հաշվետվության վերաբերյալ նշել է. «2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց մեր կողմից մշակված ՀՀ կառավարության ծրագրին: Հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է, և առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն»: 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվի ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները:

Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար  ներկայացնել համապատասխան տեղեկատվություն։