Ուրբաթ, 7 Ապրիլի 2017 17:36
Նաիրա Բադալյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Արարատի մարզից ստացված ներդրումային ծրագրերը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն Արարատի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային մի շարք ծրագրեր քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳե պետական հիմնարկի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ: Ներկայացված ծրագրերը մասնավորապես վերաբերում էին  օրգանական մթերքների արտադրության և վերամշակման կազմակերպմանը, նորագույն տեխնոլոգիաներով աշխատող չորանոցի ստեղծմանը, կաթի վերամշակման գործարանի գործարկմանը   և այլն:

Պատասխանատուները շահառուների հետ համատեղ մանրամասն քննարկել են ներկայացված ծրագրերի նպատակահարմարությունն ու հիմնավորումները,  առանձին դեպքերում դրանք վերանայելու հնարավորությունները, ինչպես նաև ֆինանսավորման առավել նախընտրելի տարբերակները: