Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 16:05
Նաիրա Բադալյան

Սուրեն Կարայան. Վրացական բիզնեսը շահագրգռված է Մեղրիի ԱՏԳ-ում ներդրումների հարցում

Սուրեն Կարայան. Վրացական բիզնեսը շահագրգռված է Մեղրիի ԱՏԳ-ում ներդրումների հարցում

Արմինֆո. Մայիսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել վրաստանի բիզնեսի օրեր, որտեղ վրացի գործարարներին կներկայացվեն Մեղրիի Ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունները, ասյօր կառավարության նիստից հետո  լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: 

 

Նախարարի խոսքով, վրացական կողմը շահագրգռված է Իրանի հետ սահմանին Մեղրիի ԱՏԳ-ում ներդրումների իրականացման հարցում: Հայաստանում վրացական բիզնեսի օրերի ընթացքում Մեղրիի ԱՏԳ-ում ներդրումներով շահագրգռված վրացի գործարարներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային հեռանկարները:

 

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն դոլար, իսկ հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝  ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 32 մլն դոլար: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն դոլար: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվի 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն դոլարի ապրանք: Նպատակային ուղղությունները կլինեն Իրանը, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները: