Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 19:10
Ալինա Հովհաննիսյան

Արդշինբանկում կայացել է ՀՀ բանկերի ներկայացուցիչների հանդիպումը InfoWatch ընկերության նախագահ Նատալիա Կասպերսկայայի հետ

Արդշինբանկում կայացել է ՀՀ բանկերի ներկայացուցիչների հանդիպումը InfoWatch ընկերության նախագահ Նատալիա Կասպերսկայայի հետ

Արմինֆո. Արդշինբանկի գլխամասային գրասենյակում կայացել է ՀՀ բանկերի ղեկավարների հանդիպումը Նատալիա Կասպերսկայայի հետ, ով ռուսաստանյան IT-ինդուստրիայի ամենաազդեցիկ և հեղինակավոր անձանցից մեկն է, InfoWatch ընկերության նախագահը և «Կասպերսկի լաբորատորիայի» համահիմնադիրը:

 

Ինչպես տեղեկացվել է Արդշինբանկի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսին արդիական թեմաներ, ինչպիսին են տեղեկատվական անվտանգության ոլորտի զարգացումը, ավտոմատացված բանկային և ՏՏ համակարգերի կիրառումը և դրանց հետագա կատարելագործումը: 

 

Բացելով հանդիպումը՝ Նատալիա Կասպերսկայան նշեց. «Այսօր դժվար է թերագնահատել տեղեկատվական անվտանգության կարևորությունը: Յուրաքանչյուր օր մենք օգտվում ենք ինտերնետից և այլ ցանցային տեխնոլոգիաներից, որոնք լիովին փոխել են մեր կյանքը և այսօր հանդիսանում են թե´ բիզնեսի, թե´ մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը: Բանկային համակագում տեղեկատվական անվտանգությունը հանդիսանում է խիստ կարևոր գործոն, և կազմակերպության կողմից համապատասխան մեխանիզմների կիրառումը՝ ուղղված կորպորատիվ տեղեկատվության պահպանմանը, վկայում է տվյալ կազմակերպության պատասխանատվության մասին իր հաճախորդների և աշխատակիցների հանդեպ»: Նատալիա Կասպերսկայան նաև հավելեց, որ թվային տեխնոլոգիաներով պայմանավորված, այսօր լիովին փոխվել են տեղեկատվական անվտանգության ապահովման մոդելները և «ավանդական» լուծումներն այլևս կիրառելի չեն:

 

Արդշինբանկի խորհրդի և «Հայաստանի իրավազորություն» խորհրդի անդամ Արտյոմ Կոնստանդյանի կարծիքով այսօր տեղեկատվական անվտանգության ապահովման հարցն ոչ միայն ՏՏ ֆունկցիայի պարտականությունն է, այլ կորպորատիվ ֆունկցիա է, որի համար պատասխանատու է ողջ կազմակերպությունը, իսկ տեղեկատվության պահպանումը հանդիսանում է մրցունակության հիմնական անկյունաքարը: 

 

Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում կիբեր անվտանգությունը և դրա ապահովումը հանդիսանում են խիստ կարևոր և առանցքային բաղադրիչ: Այսօր հայաստանյան բանկերը մեծ ուշադրություն են դարձնում այս հարցին. «Տեղեկատվական անվտանգությունը, որ մակարդակով էլ այն դիտարկենք՝ ազգային, ճյուղային թե կորպորատիվ, այսօր հանդիսանում է ամենակարևոր բաղադրիչներից մեկը անվտանգության ամբողջական համակարգում: Հանդիսանալով  շուկայի առաջատարներից մեկը՝ մեր բանկը քաջ գիտակցում է այս հարցի կարևորությունը և շարունակաբար կատարելագործում է տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված համակարգերը՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքել բոլոր մարտահրավերներին: Մեր գործում ամենակարևորը համակարգային, բայց միաժամանակ անհատական մոտեցումն է յուրաքանչյուր հաճախորդի, քանի որ մեր նպատակն է ստեղծել և առավելագույնս պահպանել տեղեկատվական անվտանգությունը բոլոր մակարդակներում»,- ամփոփեց Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: