Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 15:16
Նաիրա Բադալյան

Ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներ. Ոլորտի զարգացմանը զուգընթաց կառաջանա որակավորված աշխատուժի ուսուցման խնդիր

Ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներ. Ոլորտի զարգացմանը զուգընթաց կառաջանա որակավորված աշխատուժի ուսուցման խնդիր

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հերթական հանդիպումը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ էր։

Հանդիպման ընթացքում նախարար Կարայանը նշել է, որ մասնավորի հետ աշխատանքը նախարարության համար խիստ կարևոր է և առաջարկել է անդրադառնալ ոլորտի առջև ծառացած խնդիրներին։

Ոլորտի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ձեռք բերվող հումքի ծավալների մեծացման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները։ Ադամանդագործները նշել են, որ ոլորտի զարգացմանը զուգընթաց կառաջանա նաև որակավորված աշխատուժի ուսուցման և վերապատրաստման խնդիրը և նախարարի հետ քննարկել են այս խնդրի լուծումները ևս։

Սուրեն Կարայանը ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել է նաև ուսումնասիրել ճյուղի ինքնակառավարման, ինքնակազմակերպման և համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները։

Նշենք, որ 2016 թ. Հայաստանում ադամանդի արտահանումն ավելացել է 77.9%, 2015-ի անկումը` 40,3%, 2014-ի անկումը`21%: Դրական տրենդ է արձանագրվել է նաև ներմուծման գծով, որտեղ քանակապես ծավալներն աճել են 72.6% (2015-ի անկումը` 30%, 2014-ի անկումը`15%):

Շատ փորձագետներ հակված են մտածելու, որ գրեթե ողջ տարվա ընթացքում թանկարժեք քարերի շուկան կլինի կայուն: Բայց տարեվերջին իրավիճակը կարող է փոխվել, քանի որ վերջին ժամանակներս զգացվում է քարերի զգալի պակաս: Նման իրավիճակի հանգեցրել է այն հանգամանքը, որ առկա ռեսուրսները բավական մաշված են: Դա կհանգեցնի պահանջարկի աճի, հատկապես՝ ԱՄՆ-ում և Չինաստանում, ինչը կբերի ադամանդի գների զգալի բարձրացման: