Արմինֆո. 2017 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները գոհացուցիչ են, սակայն բավարար չեն: Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մեկնաբանելով նախօրեին հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, վարչապետը նշել է, որ կարելի է փաստել, որ ՀՀ տնտեսության մի քանի կարևոր ուղղություններով ունենք աճ։ Մասնավորապես, 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունաբերական արտադրանքի ծավալները 2016 թվականի նույն հաշվետու ժամանակաշրջանի համեմատ կազմել է 116,1%: Նման ցուցանիշները գոհացուցիչ են, սակայն բավարար չեն, և այդ ուղղությամբ մեր թիմը դեռ ահռելի աշխատանք ունի կատարելու։
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2017-ի հունվար-մարտին 2016-ի հունվար-մարտի համեմատ աճել է 6,6%: Տնտեսական ակտիվության կառուցվածքում անկում է արձանագրվել շինարարության ոլորտում - 13,6% և գյուղատնտեսական ոլորտում - 1,5%: Մյուս ոլորտներում արձանագրվել է աճ, մասնավորապես, արդյունաբերական ոլորտում (16.1%) առևտրի ոլորտում (11.3%), ծառայությունների ոլորտում (10%) և էներգետիկայի ոլորտում (9.3%):
Ըստ վիճակագրական տվյալների, 2017 թվականի հունվար-մարտին բացարձակ մեծությամբ առաջատարն է առևտրի ոլորտը` 489.2 մլրդ. դրամ (ավելի քան $ 1 մլրդ): Երկրորդ տեղում է արդյունաբերական ոլորտը - 361,8 մլրդ ($ 744.8 մլն), երրորդն է ծառայությունների ոլորտը`301.9 մլրդ դրամ ($ 621,6 մլն), չորրորդ տեղում է գյուղատնտեսական ոլորտը` 69.5 մլրդ դրամ ($ 143,1 մլն), իսկ հինգերորդում` շինարարության ոլորտը`35.8 մլրդ դրամ ($ 73.6 մլն): Էլեկտրաէներգիան արտադրությունը կազմել է 2101.8 մլն կՎտժ, միայն մարտ ամսին`650.9 մլն կՎտժ: Արդյունաբերական գների ինդեքսը 2017-ի հունվար-մարտին աճել է 3,4%, միայն մարտին կրճատվել 0.6%, իսկ 2016-ի մարտի համեմատ աճել է 3,1%: Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2017-ի հունվար-մարտին կազմել է 605.6 մլրդ. դրամ ($ 1246,8 մլն), տարեկան աճը`17,4%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալներն աճել են 16.5%, մինչև 215.2 մլրդ դրամ ($ 443,1 մլն), իսկ ներմուծման ծավալը`17,9%, մինչև 390.4 մլրդ դրամ ($ 803,7 մլն):
Նշենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ի 2017 թվականի աճը կանխատեսում է 2,7%, ԱՄՀ-ն կանխատեսում է`2,9%: Ըստ ՎԶԵԲ կանխատեսման, Հայաստանի ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 2,9%: Fitch- ը Հայաստանի ՀՆԱ-ի 2017 թվականի աճը կանխատեսում է 2.1%: ՀՀ պետական բյուջեով 2017-ի ՀՆԱ աճը կկազմի 3.2%: ՀՀ ԿԲ կանխատեսումով 2017-ին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 3,2-4,4%: