
Արմինֆո. Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել բարեխիղճ վարկառուներին խրախուսող մեխանիզմներ, այսօր կառավարության նիստում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին համապատասխան հանձնարարական է տվել վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են ընձեռում բանկերին և վարկային կազմակերպություններին համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին, նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահին վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ է հնարավոր անել այդ ուղղությամբ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ տույժ ու տուգանքներ դնելու հնարավորությունները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվել, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում և անցել է երկու ընթերցում: Կարեն Կարապետյանը ԿԲ նախագահին հորդորել է արագացնել այդ գործընթացը, կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և ներկայացնել առաջարկություններ:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

