Երեքշաբթի, 2 Մայիսի 2017 13:38
Նաիրա Բադալյան

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունները համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունները համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի

Արմինֆո. Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունները համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի: Ապրիլի 26-27-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը և Իրանի մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանին Թեհրանում քննարկել են  դրան ուղղված քայլերը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ ծառայությունների միջև համագործակցության մակարդակի բարձրացումը կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:
Մասուդ Քարբասիանին կարևորել է երկու երկրների կողմից Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի օգտագործումը, ինչի մասին նշված ՀՀ և ԻԻՀ նախագահներ Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ընդունած համատեղ հայտարարությունում:
Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել, որ իրանական կողմը ձեռնամուխ է եղել ԻԻՀ մաքսային սահմանով հայկական պետհամարանիշներով ուղևորատար ավտոմեքենաների ազատ տեղաշարժի կազմակերպմանն առնչվող հարցերի լուծմանը:

Հանդիպման արդյունքում Վարդան Հարությունյանն ու Մասուդ Քարբասիանին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը:
Հիշեցնենք, որ դեռ  2016 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի ՊԵԿ-ը և ԻԻՀ մաքսային ծառայությունը Երևանում ստորագրել էին փոխըմբռնման մասին հուշագիր, որը նախատեսում է իրական ռեժիմով տեղեկատվության փոխանակում Մեղրիի մաքսակետի և Նորդուզի (Իրան) միջև: Հենց այն ժամանակ մաքսային ծառայությունները պայմանավորվել էին ապահովել ուղևորատար մեքենաների ազատ տեղաշարժ` չեղարկելով երկու երկրների ընդհանուր սահմանը հատող  մեքենաներից գանձվող ճանապարհային և երաշխիքային վճարումները:

Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Երևանում բանակցությունների ընթացքում կարծիքներ էին փոխանակել Պարսից ծոց-Սև ծով միջազգային փոխադրամիջանցքի և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերի շուրջ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռոուհանիի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս ԶԼՄ-ների համար հայտարարությունում նշել էր, որ այդ  ծրագրի իրագործումը թույլ կտա պարզեցնել միջազգային բեռների փոխադրումը, ի հայտ կգա հնարավորություն կազմակերպելու նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքների փոխադրում եվրոպական շուկաներ, ինչպես նաև այլ երկրներից բեռների տարանցման հնարավորություն: