Չորեքշաբթի, 3 Մայիսի 2017 19:55
Նաիրա Բադալյան

Կառավարությունում քննարկել են զբոսաշրջության զարգացման Հարցերը

Կառավարությունում քննարկել են զբոսաշրջության զարգացման Հարցերը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացել է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության, տարածքային համաչափ զարգացման և զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ներկայացվել են, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման մի շարք առաջարկություններ, որոնք մշակվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Քննարկվել են մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման և զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման հնարավորությունները:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ակտիվացնել զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործընթացը: 

Նշենք, որ դեպի Հայաստանի միջազգային զբոսաշրջային ժամանումների թիվը 2017 թվականի I եռամսյակում աճել է 18.2%, մինչև 599.3 հազար, ինչը հիմնականում պայմանավորված էր իրանցի և ռուս զբոսաշրջիկների այցելությունների թվի, համապատասխանաբար`17.7% և 7.5% աճով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան էր ժամանել 1,259,657 զբոսաշրջիկ, տարեկան աճը`5,7%: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1,262,687 մարդ, տարեկան աճը`6,3%: