Ուրբաթ, 12 Մայիսի 2017 12:39
Նաիրա Բադալյան

Հայաստանը նախաձեռնել է ԵԱՏՄ վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգի ստեղծում

Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակում կստեղծվի մարդու առողջության համար վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ: Որպես փաստաթղթի հեղինակ-մշակող հանդես է եկել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

 

Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը, համակրագի շնորհիվ ԵԱՏՄ մասնակից երկրները կարող են օպերատիվորեն միմյանց տեղեկացնել առողջության և կյանքի համար վտանգավոր արատդրանքի մասին: Փաստաթուղթն արդեն անցել է ներպետական համաձայնեցման ընթացակարգը: Համակարգը նաև կապահովի ԵԱՏՄ պետությունների վերահսկողության մարմինների օպերատիվ փոխգործակցությունը և կօգնի նվազեցնել վտանգավոր ապրանքների տարածման ռիսկերը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարզաբանել են, որ տվյալների միասնական բազան կձևավորեն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի մարմինները: Շուկայի բոլոր մասնակիցներին հասանելի համակարգը կստեղծվի սպառողների համար գործող եվրոպական հարթակների օրինակով` ինչպես Global Recalls, RAPEX, RASSF և այլն: ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակում նաև նախատեսվում է արտահերթ ստուգումների անհապաղ անցկացում այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին ու առողջությանը, կենդանիներին ու բույսերին, շրջակա միջավայրին սպառնացող վտանգին: Համաձայնագիրը նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ: