Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017 16:15
Մարիաննա Մկրտչյան

Փոխնախարար. Հայաստանը և Բելգիան քննարկում են համագործակցության հնարավորությունները ՏՏ և շոկոլադի արտադրության ոլորտներում

Արմինֆո. Հայաստանը և Բելգիան քննարկում են համագործակցության հնարավորությունները Տեղեկատվական տեխնոլոգիաների և շոկոլադի արտադրության ոլորտներում: Այս մասին մայիսի 17-ին հայ-բելգիական բիզնես-համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:

Նրա խոսքով, բելգիացի ձեռնարկատերերը Հայաստան են հրավիրվել ծանոթանալու Հայաստանի ներդրումային հնարավորություններին և կառավարության ծրագրերին: «Նրանք Հայաստան են ժամանել սեփական նախաձեռնությամբ և մեր օժանդակությամբ: Օրինակ, երեկ մենք բելգիական բիզնեսին ներկայացրեցինք ներդրումային ծրագրերը և ներդրումային միջավայրը: Ստացվեց շատ հետաքրքիր երկխոսություն, հնչեցին հետաքրքիր հարցեր և պատասխաններ: Հետաքրքրություն կա: Հույս ունենք, որ քննարկումների արդյունքում կհաստատվի համագործակցություն»,-ասել է Ազիզյանը:

Նա հիշեցրել է նաև, որ Բելգիան ԵՄ անդամ է, իսկ հայ-բելգիական տնտեսական համագործակցությունն իրականացվում է GSP+ ծրագրի շրջանակներում, որն արտոնություններ է տրամադրում արտահանումներին: «Բելգիական կողմից հետ նախատեսում ենք քննարկել հայկական ապրանքները դեպի Բելգիայի շուկաներ արտահանելու հնարավորութոյւնները: Հայաստանի և Բելգիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ, բայց հուսով ենք, որ բելգիական կապիտալը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու մեջ: Մենք ներկայացրեցին մեր ներդրումային ծրագրերը, ներդրումային միջավայրը, իսկ նրանք` իրենց հետաքրքրող ուղղությունները, մասնավորապես, խոսք է գնում ՏՏ-ոլորտի համատեղ ներդրումների մասին, ինչպես նաև քաղցրավենիքի և շոկոլադի արտադրության մասին: Մենք ներկայացրեցինք Եվրոպական տնտեսական շուկա դուրս գալու հնարավորությունները,  մյուս GSP ծրագրերը, ինչպես նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը, որը 80 միլիոնանոց շուկա դուրս գալու հնարավորություններ է ստեղծում»,-ասել է փոխնախարարը: Նա նաև հույս է հայտնել. որ մոտ ապագայում կսկսեն արտադրել բելգիական շոկոլադ:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Բելգիայի միջև առևտրի շրջանառությունը 2016 թվականի կազմել է $ 99.6 մլն, տարեկան աճը` 8,4%: Մասնավորապես, արտահանման ծավալը կազմել է $ 41.6 մլն դոլար, տարեկան անկումը` 2%, իսկ ներմուծումը կազմել է $ 58 մլն, տարեկան աճը`17,3%: