Հինգշաբթի, 18 Մայիսի 2017 16:17
Մարիաննա Մկրտչյան

«Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ն մտադիր է ԱԶԲ-ից և ՎԶԵԲ-ից ներգրավել 160 մլն.դոլար

«Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ն մտադիր է ԱԶԲ-ից և ՎԶԵԲ-ից ներգրավել 160 մլն.դոլար

Արմինֆո. «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ն մտադիր է Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ընդհանուր հաշվով ներգրավել 160 մլն.դոլար, իր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, որը նախատեսված է մինչև 2020 թվականը: Այս մասին մարտի 18-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

 

Նրա խոսքով, ֆինանսական կառույցների հետ արդեն ստորագրել են նախնական փաստաթղթերը. Վերջնական համաձայնագիրը կստորագրվի առնվազն մեկ ամսվա ընթացքում: Վարկային ռեսուրսներ ուղղվելու են ընկերության հնգամյա ներդրումային ծրագրի կատարմանը, որի արժեքը կազմում է 200 մլն.դոլար: Ըստ Կարեն Հարությունյանի, միջոցները կներգրավվեն մասնավոր ընկերության միջոցով, առանց պետական երաշխիքների, ինչն աննախադեպ երևույթ է: Ներգրավված միջոցները չեն ազդի ընկերության վարկային բեռի վրա:

 

Իր հերթին, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն ընդգծել է, որ նշված ներդրումային ծրագրին զուգահեռ մշակվում է նաև 2018-2028 թվականների նոր ծրագիր, 500 մլն.դոլար արժեքով:

Ծրագրի քննարկումները արդեն մեկնարկել են, պատրաստվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերը: 10-ամյա ծրագրի իրականացումը հնարավորություն կտա վերակառուցել և արդիականացնել էլեկտրական սարքավորումները, որոնց տարիքը գնահատվում է ավելի քան 50 տարի: Նախատեսվում է արդիականացնել նաև էլեկտրական ենթակայանները, վերակառուցել բաշխիչ կետերը, ամբողջովին փոխարինել օդային և մալուխային գծերը, ողջ հանրապետությունում ներդնել հաշվառման ASKO համակարգը: Ներդրումային ծրագրում կարևոր տեղ կունենա «Կրկես», «Պուրակ» և «Մալիբու» էլեկտրական ենթակայանների կառուցումը, որոնցից տեղի պետք է ունենա Երևանի սպառողների մատակարարումը:

 

Նախատեսվում է նաև 2020-ից ամբողջությամբ հրաժարվել ինդուկցիոն հաշվիչներից: 2017 թվականին 75 հազար բաժանորդներ կստանան նոր էլեկտրոնային հաշվիչներ: Անցյալ տարի տեղադրվել է 35 հազար հաշվիչ: Միևնույն ժամանակ, 450 հազար սպառողներ կներգրավվեն ASKO համակարգում, որի միջոցով հնարավոր կլինի է սպառողներին ծանուցել սմարթֆոնների միջոցով:

 

Նորագույն տեխնոլոգիաների ներդրամն արդյունքում կկրճատվի նաև աշխատողների թվաքանակը: Կրճատումը տեղի կունենա օպտիմալացման հաշվին: Ընկերության սեփականատերերն իրականացնում են հստակ արտահայտված սոցիալական քաղաքականություն: Այն աշխատակիցները, ովքեր կկրճատվեն, կամ կտեղափոխվն ստեղծվող նոր աշխատատեղեր, կամ առնվազն 1 տարի կստանան աշխատավարձ: Չի բացառվում, շատ սարքավորումներ կգնվեն Հայաստանի ձեռնարկություններից, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նոր աշխատատեղեր, այդ թվում նաև ընկերության կրճատված աշխատակիցների համար:

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 985 000 սպառողի:-