Արմինֆո. Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գլխամասային գրասենյակի տեղափոխումը Ստամբուլից Երևան առաջին հերթին կնպաստի Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Այս մասին մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն և FEAS գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը:
«Իրականում սա պատմական իրադարձություն է Հայաստանի համար», - ասել է նա, նշելով, որ նախկինում նման կառույցները Հայաստանում չեն եղել:
Մասնավորապես, նա նշել է, որ գլխամասային գրասենյակ Երևան տեղափոխելու մասին որոշումը կայացվել այն բանից հետո, երբ Ստամբուլի ֆոնդային բորսան հայտարարել է FEAS-ից դուրս գալու մասին, չնայած հանդիսանում է ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը: «Երբ հարց բարձրացվեց, թե ուր պետք է տեղափոխվի գլխամասային գրասենյակը, մենք հանդես եկանք համապատասխան առաջարկով, որը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց Ֆեդերացիայի խորհրդի կողմից», - ավելացրել է նա:
Հետագա գործողությունների առումով Կ.Սարոյանը պարզաբանել է, որ FEAS-ը կշարունակի գործել համաձայն իր ռազմավարության, բայց շարունակելով հատուկ ուշադրություն դարձնել բորսաների պրակտիկ գործունեությանը, ինչը կներառի տեղեկատվության փոխանակում, որոշ օրենքների սինխրոնիզացում և այլն: «Մենք ցանկանում ենք օգնել բորսաների և շուկաների տեսանելիության բարձրացմանը: Ի վերջո, FEAS-ի կազմում կան նաև փոքր երկրներ, որոնք հետաքրքրված է ներկայացված լինել ֆինանսական քարտեզի վրա, հատկապես ներդրողների համար: Դա կնպաստի նաև մեր երկրի զարգացմանը: Ի վերջո, արժեթղթերի շուկան տեսանելի դարձնելը Հայաստանի համար կարող է լինել խոշոր ձեռքբերում», - նշել է FEAS-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Կ.Սարոյանը:
Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ վերը նշված փոփոխությունների շնորհիվ եվրասիական ֆեդերացիային կկարողանաք ներգրավել նաև ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաներին:
Նշենք, որ Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիան ստեղծվել է 1995 թ. մայիսի 15-ին՝ 12 հիմնադիր բորսաների կողմից: Հիմնադիր բորսաներն են եղել՝ Ամմանի ֆոնդային բորսան, Բրատիսլավայի ֆոնդային բորսան, Կենտոնական Ասիայի ֆոնդային բորսան (Ղազախստան), Բուլաղարիայի առաջին ֆոնդային բորսան, Ստամբուլի ֆոնդային բորսան, Կարաչի Ֆոնդային բորսան, Լյուբլյանայի Ֆոնդային բորսան, Պետական ապրանքահումքային բորսան (Թուրքմենստան), Թեհրանի ֆոնդային բորսա, Թել Ավիվ ֆոնդային բորսան, Երևանի ֆոնդային բորսան և Զագրեբի ֆոնդային բորսան:
Ասոցիացիայի նպատակն է աջակցել Եվրասիական տարածաշրջանի (Եվրոպա, Ասիա, միջերկրածովյան գոտի) կապիտալի շուկաների զարգացմանը, ինչպես նաև խթանել համագործակցությունը դրանց միջև: Ներկայումս ասոցիացիան ունի ավելի քան 40 անդամ, որոնց թվում են ֆոնդային բորսաներ, հետառևտրային ֆինանսական հաստատություններ, դիլերների ասոցիացիաներ և ռեգիոնալ ֆեդերացիաներ ավելի քան 30 երկրներից: