
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Դեսպան Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի և համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և ԱՄՆ արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ. հունվար-դեկտեմբերին կազմել է $126,9 մլն՝ 21% տարեկան անկումով, մասնավորապես՝ արտահանումը կազմել է $38,8 մլն, 26,7% տարեկան անկումով, իսկ ներմուծումը՝ $88,1 մլն, 18,2% տարեկան անկումով: