Արմինֆո. Մայիսի 20-ին Արմավիրի մարզի դպրոցականների հավաքականը հաղթել է ՀՀ Կենտրոնական բանկի և «Երիտասարդական ձեռքբերումներ» ՀԿ նախաձեռնությամբ իրականացվող «Իմ ֆինասների ամիս» ամենամյա ծրագրի շրջանակում անցկացված մրցույթում, որը նպատակաուղղված է բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը:
Արմավիրի մարզի դպրոցականներն առաջատարության համար ուժերը չափում էին Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի թիմերի հետ: ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական գրագիտության կենտրոնի մասնագետ Մարիամ Տեր-Սահակյանի ասելով, մրցույթի շրջանակում մասնակիցներին առաջադրվել են ավելի բարդ և հետաքրքիր հարցեր` քան մեկ տարի առաջ, որոնց նրանք հեշտությամբ պատասխանել են: «Դա խոսում է այն մասին, որ տարեցտարի գալիս են ավելի պատրաստված երեխաներ», - ընդգծել է նա:
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական գրագիտության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշել է, որ դպրոցականների համար մրցույթն անցկացվում է 5-րդ տարին անընդմեջ, դրանում ընդգրկված են Հայաստանի 10 մարզերն ու Երևանը: «Ընդհանուր առմամբ, կիսաեզրափակիչին մասնակցելու համար մրցել են Հայաստանի 150 դպրոցների աշակերտներ: Այս տարի, ֆինանսական հատվածից զատ ներառվել էին բնապահպանությանն առնչվող հարցեր», - հաղորդել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո- հարցին` նա նշել է, որ այս տարի «Իմ ֆինասների ամիս» ծրագրի միջոցառումներին մասնակցելու ցանկություն ունեցողների թիվն զգալիորեն աճել էր: «Մեզ համար դա անակնկալ էր, քանի որ ավելի վաղ հարկադրված էինք «ստիպել» խոսել ֆինանսների թեմայի շուրջ: Իսկ այս տարի զգալի առաջընթաց կար` հետաքրքրության մեծացման և թեման քննարկելու անձնական նախաձեռնության առումով` տալով հետաքրքրող հարցեր և ստանալով պատասխաններ», - նշել է նա` վկայակոչելով «անտիկաֆե» ձևաչափի հանդիպումները: Մկրտչյանի ասելով, «Իմ ֆինասների ամիս» ծրագրի արդյունքները կամփոփվեն հունիսի կեսին:
Ապրիլի 19-ին մեկնարկած «Իմ ֆինասների ամիս» ծրագիրը կշարուակվի մինչև մայիսի 26-ը: Այն իրականացվում է Հայաստանի բանկերի միության, ՀՀ Վարկային կազմակերպությունների միության, Երևանի Քաղաքապետարանի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի, Սիվիտաս Արմենիա, ՔԱՐԴ հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ, ԱՅԲ հիմնադրամի, Ազգային Հիփոթեկային Ընկերության, Հայաստանի գիտակների ասոցացիայի, Եվրոպական երիտասարդական պառլամենտի, Երեխաների եւ երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության, Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երի, ինչպես նաև այլ ֆինանսական կառույցների` Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ, ՓՄՁ ներդրումների ՈՒՎԿ, Հայէկոնոմ բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս բանկ, ԱԳԲԱ լիզինգ, Ինգո Արմենիա, Ռոսգոստրախ Արմենիա, Նաիրի Ինշուրանս, Կամուրջ ՈՒՎԿ, Պրոմեթեյ բանկ, Հայբիզնես բանկ աջակցությամբ: