Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017 09:44
Ալինա Հովհաննիսյան

Տիգրան Սարգսյան. Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են

Տիգրան Սարգսյան. Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են

Արմինֆո. Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են: «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված հարցազրույցում այդ մասին ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

Նրա ասելով, իրանցի գործընկերների հետ բանակցություններում արդեն համաձայնություն է ձեռք բերվել համաձայնագրի 90%-ի շուրջ, մնացել է փոքր, սակայն չափազանց բարդ բանակցային գործընթաց  որոշ վիճահարույց ապրանքախմբերի շուրջ: Այդ առնչությամբ ԵՏՀ կոլեգիայի նախագահը հիշատակել է գյուղատնտեսական արտադրանքը, քանի որ ինչպես ԵԱՏՄ երկրները, այնպես էլ Իրանն զբաղվում են գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ, և առկա է արտադրողների միջև ուժեղ մրցակցության հավանականություն: Նրա համոզմամբ, առաջիկայում անհրաժեշտ է կարգավորել այդ խնդրահարույց հարցերը: Տ.Սարգսյանը հաղորդել է, որ հայեցակարգային հարցերը, որոնք առնչվում են կանոնակարգերին, ստանդարտների նկատմամբ դիրքորոշումներին, տեխնիկական կարգավորմանը, լիովին համաձայնեցված են: «Դա սկզբունքնային կարևոր նշանակություն ունի, ուստի մենք ստեղծում ենք իրավաբանական հիմք մեր իրանցի գործընկերների հետ փոխհարաբերությունների համար», - նշել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ փորձագետների գնահատմամբ, Միության և Իրանի միջև ազատ առևտրի անցնելիս անդամ պետությունների արտահանման ըննդհանուր ծավալները կարող են աճել մինչև 73%: Ընդ որում, մատակարարումների ծավալի ընդհանուր կանխատեսվող ավելացման 83,1%-ը բաժին կընկնի ոչ գյուղատնտեսական ապրանքներին:

 

ԵՏՀ Կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան նշել է, որ արտահանման կանխատեսվող ցուցանիշները խոսում են ԻԻՀ և ԵԱՏՄ երկրների միջև արդյունավետ ապագա համագործակցության օգտին: 2016 թվականի դրությամբ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար: Այսօրվա դրությամբ, ԵԱՏՄ երկրներն Իրան են առաքում հացահատիկ, եգիպտացորեն, բուսական յուղ, պողպատի գլանվածք, բեռնատարներ, անտառանյութ, թուղթ: